ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  • 1918թ. թուրքական զորքերի` Անդրկովկաս ներխուժելու նախօրեին Հյուսիսային Կովկասի հայության թիվը 100 հազար էր: Այս զանգվածը պայմանական խմբերի բաժանելով` հնարավոր եղավ տարանջատել երկրամասի 70 հազար հնաբնակ հայերին 1915-1917թթ. Հյուսիսային Կովկաս եկած 30 հազար գաղթականներից:
  • Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի առաջին ամիսներից Հյուսիսային Կովկասի հայերը ակտիվորեն մասնակցեցին երկրամասի քաղաքական գործընթացներին: Հյուսիսային Կովկասի հայ բուրժուազիայի, առևտրականների և արդյունաբերողների մեծ մասն աջակցեց ոչ խորհրդային ուժերին, իսկ հայ բանվորների և հողազուրկ գյուղացիների մեծ մասը` խորհրդային իշխանությանը: Հազարավոր հայեր մտան երկրամասի խորհրդային և ոչ խորհրդային պետական կազմավորումների բանակները:
  • 1918թ. առաջին ամիսներին Հյուսիսային Կովկասի խորհրդային իշխանության պահանջով երկրամասի հայոց ազգային խորհուրդները վերանվանվեցին հայ ժողովրդական հեղափոխական կոմիտեներ, և նոր ընտրությունների միջոցով նրանց կազմը համալրվեց բոլշևիկյան տարրերով: Չնայած վերոհիշյալ փոփոխությանը` դաշնակցական գործիչները չհալածվեցին և շարունակեցին իրենց գործունեությունը նորակազմ հայկական կոմիտեներում:
  • 1918թ. թուրքական արշավանքի հետևանքով Անդրկովկասում բնակվող և ապաստանած հայերի մի մասը, խույս տալով կոտորածներից, հեռացավ Հյուսիսային Կովկաս: Նրանց գաղթը սկսվեց 1918թ. մայիսից, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Թիֆլիսի և Երևանի նահանգներ և շարունակվեց մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը: Այդ ժամանակաշրջանում Ռազմավիրական ճանապարհով, Փոթիից և Բաքվից` նավերով Հյուսիսային Կովկաս գնացին 124-127 հազար հայ գաղթականներ: Նրանցից մոտ 30 հազարը արևմտահայ էին, 40 հազարը` Բաքվի նահանգի հայեր, 54-57 հազարը` Կարսի մարզի, Երևանի, Թիֆլիսի նահանգների, Բաթումի և Սուխումի շրջանների հայ բնակչությունն էր:

1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թուրքական զորքերը ներխուժեցին Դաղստան, որի հետևանքով առնվազն 13 հազար հայ գաղթական հեռացավ Հյուսիսային Կովկասից և նրանց թիվը 124-127 հազարից իջավ 111-114 հազարի:

  • Եթե չլիներ Հյուսիսային Կովկասի հայկական ազգային կազմակերպությունների օգնությունը, ապա 1918թ. ընթացքում երկրամաս եկած հայ գաղթականների զգալի մասը զոհ կգնար քաղաքացիական կռիվներին, սովին և տարատեսակ հիվանդություններին: Հյուսիսային Կովկասի հայկական կազմակերպություններից առավել ակտիվ էր գործում Վլադիկավկազի հայկական կոմիտեն, որը տեղի խորհրդային իշխանության աջակցությամբ 1918թ. հունիսին Վլադիկավկազում և հարակից շրջաններում կուտակված տասնյակ հազարավոր գաղթականների տեղափոխեց Հյուսիսային Կովկասի ավելի ապահով շրջաններ:
  • 1918թ. կեսերին Անդրկովկասից և Մոսկվայից Հյուսիսային Կովկաս եկած հայ բոլշևիկները լուծարեցին խորհրդային իշխանության տարածքում գործող հայկական ազգային կազմակերպությունները, իսկ դրանց գումարները և գույքը բռնագրավեցին: Լուծարված կազմակերպությունների փոխարեն Հյուսիսային Կովկասի հայաշատ շրջաններում բացվեցին հայկական գործերի կոմիսարիատի բաժանմունքներ, որոնք խորհրդային իշխանության աջակցությամբ զգալիորեն օգնեցին երկրամասում ապաստանած հայ գաղթականներին:
  • Հայաստանի Հանրապետության գոյության առաջին ամիսներին երկրում ստեղծված ներքին և արտաքին ծանր կացության հետևանքով Հայաստանի Հանրապետության իշխանությունները չկարողացան աջակցել Հյուսիսային Կովկասի հայ գաղթականներին:

1918թ. կեսերից Հյուսիսային Կովկասում ռազմական առավելության հասան ոչ խորհրդային պետական կազմավորումները, որոնք 1918թ. վերջին գրավեցին երկրամասի մեծ մասը: Հյուսիսային Կովկասում քաղաքական իրադրության փոփոխման հետևանքով փոխվեց նաև երկրամասի հայերի դրությունը:

  • Ռուսաստանի հարավի կազակների կառավարությունները, ցանկանալով ազատվել քաղաքներում և գյուղերում ապաստանած և զանազան հիվանդությունների տարածման աղբյուր հանդիսացող հազարավոր գաղթականներից, զրկեցին նրանց խորհրդային իշխանության օրոք տրամադրվող նպաստից: Դրա հետևանքով գաղթականները հայտնվեցին է´լ ավելի ծանր կացության մեջ: Նրանց մի մասը օրվա հաց վաստակելու համար զբաղվեց առևտրով:
  • Եթե Հյուսիսային Կովկասի կազակների կառավարությունները գաղթականներին վտարում էին իրենց տարածքից, ապա Կամավորական բանակի հրամանատարությունը գաղթականներին, հնաբնակ հայերին և մասնավորապես արևմտյան ռազմաճակատից և գերությունից հայրենիք վերադարձող հազարավոր հայ ռազմիկներին զորակոչում էր Կամավորական բանակ: Մինչև 1919թ. սկիզբը երկրամասում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների բացակայության հետևանքով Ռուսաստանի հարավի զինված ուժերը համալրվեցին հազարավոր հայ ռազմիկներով: Կամավորական բանակը հայ ռազմիկներից կազմված առանձին ջոկատները օգտագործեց Խորհրդային Ռուսաստանի և Վրաստանի դեմ, ինչը բացասական հետևանքներ ունեցավ ինչպես երկրամասի հայության, այնպես էլ Հայաստանի կառավարության համար:

Մանրամասն ուսումնասիրվել է Հյուսիսային Կովկասում ոչ խորհրդային պետական կազմավորումների շրջանում հայ գաղթականների հայրենադարձության պատմությունը:

  • Հայաստանի Հանրապետության գոյության առաջին շրջանում երկրի ներքին և արտաքին ծանր կացության, Վրաստանի և Ադրբեջանի հակահայկական քաղաքականության հետևանքով Հյուսիսային Կովկասում ապաստանած գաղթականներից և ռազմագերիներից Անդրկովկաս վերադարձան միայն մի քանի հազարը: Երկրամասում ապաստանած հայ գաղթականների հայրենադարձությունը հնարավոր եղավ կազմակերպել 1919թ մայիսից, երբ փոքր-ինչ բարելավվեց Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական դրությունը: Միայն այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը հրահանգեց Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչությանը և երկրամասի հայկական կազմակերպություններին, որ կազմակերպեն հայերի տեղափոխությունը Հայաստան:

 1919թ. մայիս-հուլիս ամիսներին Հյուսիսային Կովկասի հայկական ազգային կազմակերպությունների, Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչության, Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների և Անդրկովկասում բրիտանական ուժերի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվեց երկրամասի մոտ 50 հազար հայերի հայրենադարձությունը (Հայաստան, մասամբ` Վրաստան և Ադրբեջան):

1919թ. հուլիսի վերջից Հայաստանի կառավարությունը, երկրում սկսված մահմեդականների ապստամբությունների հետևանքով, այլևս չկարողացավ զբաղվել Նովոռոսիյսկից Բաթում ժամանող հայ գաղթականներին Հայաստան տեղափոխելու խնդիրներով: Հետևանքն այն եղավ, որ հայ գաղթականները սկսեցին կուտակվել Բաթումում` առաջացնելով անգլիացիների դժգոհությունը: Գաղթականների հետագա հոսքը Բաթում կասեցնելու նպատակով 1919թ. հուլիսի վերջին Անդրկովկասում բրիտանական զորքերի հրամանատարությունը արգելեց նրանց մուտքը քաղաք, ինչի հետևանքով Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների տեղաշարժը Նովոռոսիյսկ-Բաթում ուղղությամբ դադարեց:

Հյուսիսային Կովկասում մնացած հայ գաղթականներին Կամավորական բանակ և կազակների զորքեր զորակոչվելու խնդիրը Ռուսաստանի հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչության շնորհիվ առժամանակ վերացավ:

  • 1919թ. վերջինև 1920թ. սկզբինխորհրդային զորքերի ռազմականհաջողությունները, Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններում բռնկված ապստամբությունները և կազակների կառավարությունների դժգոհությունը հարկադրեցին Ռուսաստանի հարավի զինված ուժերի հրամանատարությանը համատարած զորակոչ սկսել, որը տարածվեց նաև Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների վրա: Հ. Սաղաթելյանի ջանքերով Ռուսաստանի հարավի զինված ուժերի հրամանատարությունը Անդրկովկասում ծնված և չզորակոչված հայերին Հայաստան գնալու և հայկական բանակում ծառայելու համար մինչև 1920թ. մարտի 10-ը ազատեց զորակոչից, իսկ Անդրկովկասում ծնված և արդեն ոչ խորհրդային պետական կազմավորումների զորքեր զորակոչված հայերին թույլատրեց ծառայությունը շարունակել Հայաստանի Հանրապետության բանակում:

Չնայած Հ. Սաղաթելյանին հաջողվեց հետաձգել հայ գաղթականների զորակոչը, սակայն երկրամասի որոշ շրջաններում տեղական հրամանատարների անբարյացակամ վերաբերմունքի հետևանքով գաղթականները զորակոչվեցին ոչ խորհրդային պետական կազմավորումների զորքեր:

1920թ. հունվար-մարտ ամիսներին Հ. Սաղաթելյանը, երկրամասի հյուպատոսները և գաղթականների հարցերով զբաղվող հայկական կազմակերպությունները Հյուսիսային Կովկասից Հայաստանի Հանրապետություն տեղափոխեցին 3-4 հազար հայ գաղթական և զինվոր:

  • 1920թ. գարնանը Հյուսիսային Կովկասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո երկրամասի հայերի դրությունը փոխվեց. Մոսկվայի կարգադրությամբ փակվեցին երկրամասում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները: Լուծարվեցին նաև հայկական ազգային կազմակերպությունները:
  • Հյուսիսային Կովկասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Հայաստանի կառավարության և խորհրդային Ռուսաստանի ջանքերով կազմակերպվեց երկրամասի և մասամբ Ռուսաստանի այլ շրջանների հայ գաղթականների ներգաղթը Հայաստան:
  • Հայ-վրացական բանակցությունների արդյունքում հնարավոր եղավ հայ գաղթականներին Հայաստան տեղափոխել Վրաստանի տարածքով:
  • 1920թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Հյուսիսային Կովկասից Ռազմավիրական ճանապարհով և Նովոռոսիյսկից` նավերով, Հայաստան մեկնեցին մոտ 11.000 հայ գաղթական:

Այսպիսով, 1918թ. թուրքական արշավանքի հետևանքով Անդրկովկասից Հյուսիսային Կովկաս եկան 124-127 հազար հայ գաղթականներ: Այս զանգվածից մոտ 13 հազարը 1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հյուսիսային Կովկասից հեռացավ Կասպից ծովի այլ ափամերձ շրջաններ: Հյուսիսային Կովկասում ապաստանած հայ գաղթականներից 67-69 հազարը Հյուսիսային Կովկասում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների, ՌԿԽԸՀԿ-ի և հայկական կազմակերպությունների ջանքերով, խորհրդային և ոչ խորհրդային պետական կազմավորումների և Անդրկովկասում բրիտանական հրամանատարության աջակցությամբ 1918-1920 թթ. ընթացքում (3-4 հազարը 1918թ. օգոստոս-դեկտեմբերին, 50 հազարը 1919թ. մայիս-հուլիսին, 3-4 հազարը 1920թ. փետրվար-մարտին, 11 հազարը 1920թ. մայիս-նոյեմբերին) անցավ Անդրկովկաս` հիմնականում Հայաստանի Հանրապետություն: Ընդհանուր առմամբ 1918-1920 թթ. Հյուսիսային Կովկասից հեռացավ 80-82 հազար հայ գաղթական: Հազարավոր գաղթականներ մահացան սովից, տարատեսակ հիվանդություններից և քաղաքացիական կռիվների ժամանակ, որի հետևանքով 1920թ. վերջին Հյուսիսային Կովկասում մնացել էր մոտ 38.400 հայ գաղթական: Եթե այս թվին գումարենք 1915-1917 թթ. երկրամաս եկած 30 հազար հայ գաղթականներին և 70 հազար հնաբնակ հայերին, կստացվի, որ 1920թ. վերջին Հյուսիսային Կովկասում հայերի թիվը շուրջ 138 հազար էր:

Important – Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com