Armenian-History.com
All about Armenians and Armenian History
|
Written by Smbat Minasyan
Hits: 110126

Հայաստանի տնտեսական դրությունը: Վերջին տասնամյակում, չնայած Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ պաշտոնական ցուցանիշներին, երկրի տնտեսությունը գտնվում է ստագնացիայի մեջ, առկա է տարեկան 10-15% գնաճ և բնակչության կենսամակարդակի շարունակական անկում: Տարեց-տարի մեծանում է Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից:

Global Financial Integrity կազմակերպության տվյալների համաձայն 2004-2013թթ. ընթացքում՝ այսինքն 10 տարում, Հայաստանից անօրինական կերպով դուրս է բերվել ավելի քան 9.8 միլիարդ դոլար, իսկ միայն 2013թ. ընթացքում՝ 1 միլիարդ 848 միլիոն դոլար: Համեմատության համար նշեմ, որ օրինակ Հայաստանի պաշտպանության բնագավառի ծախսերը 2016թ. պետական բյուջեի նախագծով կազմել են ընդամենը 201,261.8 մլն դրամ (մոտ 410 միլիոն դոլար):

Հայաստանից անօրինական կերպով դուրս բերվող գումարի աճին զուգընթաց ավելանում է նաև Հայաստանի արտաքին պարտքը: 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական ընդհանուր պարտքը, համաձայն ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների, կազմել է 5.071.031 դրամ, այսինքն՝ մոտ 5 միլիարդ դոլար: Արտաքին պարտքի աճի դինամիկան հասկանալու համար բավական է նշել, որ 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ընդհանուր պարտքը կազմել է 4,4 միլիարդ դոլար: Ներկայումս ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը մոտ 50% է: Եթե նկատի ունենանք Հայաստանի ՀՆԱ աճի աննշան տեմպերը, ապա ակնհայտ է դառնում, որ մոտակա մեկ-երկու տարում Հայաստանի արտաքին պարտքը գերազանցելու է ՀՆԱ-ի համեմատ 50%-ոց շեմը: Փաստորեն 10 տարում ապօրինի ճանապարհներով Հայաստանից դուրս բերված գումարը 2 անգամ գերազանցում է Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշին: Այսինքն, եթե չլիներ ապօրինի կերպով Հայաստանից գումարի դուրս բերումը, ապա Հայաստանը չէր ունենա արտաքին պարտք, իսկ մնացած 5 միլիարդ դոլարը կմնար երկրում և կներդրվեր տնտեսության մեջ:

Անդրադառնալով Հայաստանում օտարերկրյա ներդրումների խնդրին, հարկավոր է նշել, որ վերջին 5 տարիների ընթացքում դրանց թիվը նվազել է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015թ. Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 147 միլիոն դոլար: Մինչդեռ 2011թ.  օտարերկրյա ներդրումների ծավալը  631 միլիոն դոլար էր: Այսինքն, 5 տարվա ընթացքում, Հայաստանում օտարերկրյա ներդրումների թիվը կրճատվել է ավելի քան 4 անգամ: Եթե Հայաստանում օտարերկրյա ներդրումների ցուցանիշը համեմատենք օրինակ Վրաստանի ցուցանիշի հետ, ապա տարբերությունը կլինի ակնհայտ: Օրինակ Վրաստանում 2015թ. օտարերկրյա ներդրումները կազմել են 1.35 միլիարդ դոլար, մոտ 10 անգամ ավելի, քան Հայաստանում:

Հայաստանի տնտեսության բնականոն զարգացման կարևորագույն խոչընդոտը շարունակում է մնալ օլիգարխիան, որը սերտաճելով քաղաքական վերնախավի հետ` իր ձեռքում է կենտրոնացրել եկամտաբեր բիզնեսների մենաշնորհը և իշխանական լծակների ու կրիմինալ էլեմենտների միջոցով կանխում է այլ քաղաքացիների կամ կազմակերպությունների մուտքը իրենց կողմից վերահսկվող ոլորտներ և շարունակում է Հայաստանից անօրինական ճանապարհներով դուրս բերել այն գումարները, որոնք պետք է ներդրվեին երկրի տնտեսության և պաշտպանության մեջ:

Այս ամենին գումարվում է Հայաստանի կառավարության ծանր հարկային քաղաքականությունը: 2000թ.-ից ի վեր ՀՀ իշխանությունները,  սահմանելով նոր պարտադիր տուրքեր և հարկեր, մեծացնում են Հայաստանի քաղաքացու հարկային բեռը: Բավական է նշել, որ կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելով, կենսաթոշակային պարտադիր հարկեր սահմանելով  և աշխատավարձից պարտադիր հարկումներ կատարելով, փորձեց 10-15% ավելացնել բնակչությունից գանձվող հարկերը: Սակայն հասարակության շրջանում սկսված դժգոհության ալիքը ստիպեց ՀՀ իշխանություններին հրաժարվել որոշումների մի հատվածից: Չնայած դրան, կառավարությունը շարունակելու է հարկերի բարձրացման քաղաքականությունը, որից առաջին հերթին տուժում է միջին խավը:

ՀՀ իշխանությունների ապակառուցողական և անհեռատես քաղաքականության հետևանքով Հայաստանի տնտեսությունը ոչ միայն հայտնվել է ստագնացիայի մեջ, այլև քայքայվում է: Նման քաղաքականության արդյունքում մեծանում է երկրից բնակչության արտահոսքը, ինչը Հայաստանի աշխարհաքաղաքական ծանր իրադրության պայմաններում և հարևան 2 պետությունների թշնամական վերաբերմունքի հետևանքով կարող է կործանարար հետևանքներ ունենալ պետականության և բնակչության ֆիզիկական գոյության համար:

Հայաստանի ժողովրդագրական դրությունը: 1992թ.-ից Հայաստանը լքած բնակչության թիվը պաշտոնական վիճակագրության համաձայն գերազանցում է մեկ միլիոնը: Ըստ ակադեմիկոս Վ. Խոջաբեկյանի հաշվարկների, միայն 1991-2000թթ.-ին, Հայաստանից հեռացել է 1 միլիոն 250 հազարից մինչև 1 միլիոն 300 հազար մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2000-2015թթ. ընթացքում Հայաստանից հեռացել է շուրջ 440 հազար մարդ՝ երկրի բնակչության մոտ 15%, իսկ 2010թ.-ից հետո Հայաստան ժամանածների և Հայաստանից մեկնածների բացասական սալդոն տարեկան կազմում է 40 հազար մարդ, այսինքն բնակչության մոտ 1.5%:  Հայաստանից արտագաղթի ներկա դինամիկայի պահպանման դեպքում 2025թ.-ին երկրի բնակչությունը կնվազի ևս 15%-ով՝ հասնելով մոտ 2.5 միլիոնի, իսկ 2035 թ.-ին՝ մոտ 2 միլիոնի:

Հայաստանից արտագաղթող բնակչության թվաքանակը հաշվելու համար հնարավոր է օգտագործել ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության բնակչության թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները, այլ նաև Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառության ու հացի արտադրության ծավալների նվազման վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները կամ քաղաքացիական ավիացիայի ընդհանուր բաժնի օդային տրանսպորտային միջոցներով մեկնումների և ժամանումների թվաքանակների վերաբերյալ տվյալները և այլն: Այս տվյալների հիման վրա կատարված հաշվարկները, ի համեմատ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ավելի վատատեսական են:

Մտահոգիչ է Հայաստանի բնական աճի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը:  Վերջին տարիներին Հայաստանում ծնվում է տարեկան շուրջ  42 հազար նորածին, որից շուրջ 22 հազարը՝ տղա և 20 հազարը՝ աղջիկ: Այս ցուցանիշը մոտ երկու անգամ ավելի քիչ է նախախորհրդային ցուցանիշից, երբ հանրապետությունում տարեկան ծնվում էր 70-80 հազար նորածին: Հայաստանի համար բնական աճի տեսանկյունից առավել բացասական են եղել 2000թ. և 2004թ., երբ երկրում ծնվել է ընդամենը 34 և 37 հազար երեխա, որից 17-19 հազարը՝ տղա: Այս թիվը շուրջ 5-8 հազարով ավելի քիչ է քան դրան հաջորդած և նախորդած տարիների ցուցանիշները: Ներկայումս Հայաստանի բանակի մոտավոր թիվը 55 հազար է: Փաստորեն շուտով Հայաստանի բանակի շարքային և կրտսեր սպայական կազմի թվաքանակը մոտ 5-8 հազարով կնվազի, այսինքն բանակը սովորականից առնվազն 9% թերի կհամալրվի: Մինչդեռ, Ադրբեջանը տարեց-տարի ավելացնում է իր ռազմական ծախսերը, իսկ նրա ղեկավարների ռազմատենչ հայտարարությունները ավելի սպառնալի և հաճախակի են դառնում, ինչը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը նախապատրաստվում է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններ ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի:

Տնտեսական և ժողովրդագրական ճգնաժամի պատճառը ու լուծումը: Հայաստանի ծանր տնտեսական և ժողովրդագրական դրությունը հիմնականում երկրի ավտորիտար ռեժիմի քաղաքականության հետևանքն է: Քարորդ դար առաջ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա ստեղծված Հայաստանի Երրորդ Հանրապետությունը այժմ վերածվել է բռնապետության, որտեղ իշխանությունը կենտրոնացած է մեկ-երկու անհատի ձեռքում, իսկ երկրի գործադիր, օրենսդիր և դատական ինստիտուտները ծառայեցվում են հանցավոր ռեժիմի պահպանման ու ամրապնդման համար: Երկրի իշխանությունների կողմից վերահսկվող արհեստական ընդդիմությունը, երկրում ստեղծված աղետալի դրությունը փոխելու ուղղությամբ, որևէ գործնական քայլ չի ձեռնարկում: Ւշխանությունների վարած քաղաքականությունը դատապարտող երիտասարդության և մտավորականության ներկայացուցիչները ենթարկվում են հալածանքների:

Այսինքն, Հայաստանը տնտեսական և ժողովրդագրական ճգնաժամից դուրս բերելու համար հարկավոր է առաջին հերթին օրենքի գերակայություն և արդարություն, որը ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկրի գործադիր, օրենսդիր և դատական ինստիտուտները գործեն անկախ ու հավասարակշռեն միմյանց: Այլ կերպ ասած հարկավոր է անցում ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն: