Կարելի է ասել, որ հայ ժողովուրդը ծանոթ չէ իր իրական պատմությանը: Սովետական շրջանում հրատարակված հայ ժողովրդի պատմության դասագրքերը, մենագրությունները և այլ աշխատությունները հայոց պատմության վերաբերյալ խիստ թյուր կարծիք են ձևավորվել : Բանն այն է, որ վերջիններս մի քանի տեսանկյունից լիովին աղավաղում էին իրականությունը և տալիս էին խեղաթյուրված պատկերացում հայ ժողովրդի պատմության վերաբերյալ: Մասնավորապես.
1. դրանք բոլորը գրված էին այն ոգով, որ հայ ժողովուրդը մշտապես, ի սկզբանե եղել է թույլ, հալածված ազգ, և մշտապես կարիք է ունեցել և թերևս այժմ էլ ունի ՙՄեծ եղբոր՚
հովանավորության: Տառապելով հենց այս ոճով պատմությունը ներկայացնելու մարմաջով` մեր մասնագետները կամ ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել Հայոց բանակի պատմությանը, ռազմական տարեգրությանը կամ էլ ներկայացրել են այն խիստ աղքատիկ, ուշադրություն դարձնելով միայն այնպիսի փաստերի վրա, որոնք ուղղակի հնարավոր չէր չտեսնել: Մնացած փաստերը, որոնք երբեմն ուղղակի զարմացնում են ռազմական գործողությունների նկարագրման մանրամասնությամբ, այս մասնագետների թեթև ձեռքով հեշտությամբ հայտարարվեցին վիպական, որպես ժողովրդական բանահյուսություն նմուշներ, ասքեր, վեպեր, մի խոսքով ամեն ինչ, բացի իրական լինելուց : Խոսքը
մասնավորապես վերաբերվում է Փավստոս Բյուզանդի, Հովհան Մամիկոնյանի, Շապուհ Բագրատունու , մասամբ էլ Մովսես Խորենացու, Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու և այլոց աշխատություններին: Բանը հասել է նույնիսկ նրան, որ կասկածի տակ է առնվել համեմատականորեն նոր ժամանակներին վերաբերվող Ստեփանոս Շահումյանի աշխատության զգալի մասը: Բայց նույնիսկ այս ֆոնի վրա ապշեցուցիչ է, որ այս աղբյուրներում նշված հենց անհաջողություններն ու պարտություններն են ընդունվում առանց կասկածի, իսկ հաջողությունները ժխտվում են: Այսպես. անառարկելի ճշմարտություն է համարվում Հովհան Մամիկոնյանի բերած այն տեղեկությունը, որ երբ արաբները մտան
Տարոն, պարտության մատնեցին Հայկական բանակին, սակայն չի ընդունվում նույն պատմիչի կողմից նույն աշխատության մեջ արձանագրված Տարոնի Հայ-Պարսկական պատերազմի հաղթական դրվագների կամ Տրդատ Մեծի մղած ճակատամարտերի իրական լինելը:
2. դրանք գրեթե բոլորը գրված են խորը հոգեբանական կոմպլեքսով: Այս աշխատությունները կարծես ամեն կերպ ընդգծում են, որ հայ ռազմական հաջողությունները կամ ընդհանրապես իրականության մեջ բացակայել են կամ էլ եղել են խիստ էպիզոդիկ, որպես բացառություն: Մեծամասամբ խոսվում է միայն Տիգրանյան Հայաստանի, այն էլ որպես մի թույլ պետության մասին: Հայոց պատմության այն դրվագների վերաբերյալ,
որոնք արտոցոլում են որևէ աշխարհակալ կայսրության դեմ հաղթական մի պատերազմ կամ ճակատամարտ, կա խիստ թերհավատ մոտեցում և լավագույն դեպքում այդ տվյալները հայտարարվում են վիպական: Հիշում եմ, թե այս մտայնությամբ տառապող մի հայտնի պատմագետ հեռուստատեսությամբ ինչպես էր ներկայացնում հայոց պատմությունը. որպես չդադարող անհաջողությունների և պարտությունների շարան: Նույնիսկ բանը հասավ նրան, որ հեռուստադիտողներից մեկը հարց ուղղեց հարգարժան գիտնականին, թե ինչու է նա ներկայացնում միայն անհաջողությունները, միթե հաջողություններ չեն եղել, որին ոչ մի տրամաբանական պատասխան չստացվեց: Ավելին. մեր սովետահայ
գիտնականները, եթե ունենան մի հարցի լուծման երկու ենթադրություն, աներկբայորեն կընտրեն այն, որը ցույց է տալիս Հայկական բանակի և Հայաստանի թուլությունը: Ընթերցող, եթե հանդիպես նման գիտնականներից մեկին, մի ալարիր և հարցրու, թե ինչու Ալեքսանդրը Հայաստանի հետ չպատերազմեց: Այս հարցին 10-ից 10-ը վստահ կպատասխանի, որ Հայաստանը այնքան փոքր, աննշան երկիր էր, որ Ալեքսանդրը գերադասեց գնալ գրավել Միջին Ասիայի ամայի տափաստանները և հեռավոր Հնդկաստանը, քան հենց իր կողքին գտնվող և Քսենոֆոնի գովերգած Հայաստանը: Եվ ոչ ոք չի ասի, որ Հայաստանը հանդիսանում էր Արիական եռադաշինքի անդամներից մեկը` մարերի և
պարսիկների հետ, և, որ եթե պարսիկները ջախջախվել էին, իսկ մարերը հպատակվել, ապա Հայաստանը զենքը ձեռքին պատրաստ էր պահում և հենց այս պատճառով Ալեքսանդրը չցանկացավ պատերազմել, մանավանդ որ հետագայում նրա ուղարկած մի ջոկատին հայերը ջախջախեցին: Իսկ այն, որ գովերգված մակեդոնական ֆալանգը տակտիկական տեսանկյունից բավականին անօգնական կլիներ լեռնային մարտերում (ինչը մինչ այդ ապացուցվել էր Քսենոֆոնի նահանջող բանակի մղած մարտերով), նրանցից ոչ ոքի մտքի ծայրով էլ չի անցնի: Սովետական շրջանի պատմական աշխատություններում հիմնականում խոսվում է միայն Արարատյան (այն էլ միայն վերջին շրջանի գրականության մեջ է, ուր
գրեթե կասկածի տակ չի առնվում վերջինիս զուտ հայկական լինելը), Արշակունյաց, Բագրատունյաց, Կիլիկյան Հայաստանի ռազմական ուժերի մասին, քանի որ դա արդեն չտեսնել հնարավոր չէր: Սակայն նույնիսկ այստեղ ամեն ինչ ներկայացվում է խիստ դժգույն: Իսկ այլ, հատկապես պետականության կորստի ժամանակաշրջաններում, հայկական ռազմուժի մասին գրեթե չի խոսվում և այն տպավորությունն է ստացվում, թե այն գոյություն չի ունեցել, մինչդեռ ըստ իմ ուսումնասիրության, շատ թե քիչ, բայց հայկական ռազմուժը երբեք չի դադարել գոյություն ունենալ, նույնիսկ XV-XVII դժնդակ դարերում: Սովետահայ պատմաբաններից ոչ մեկի կողմից ոչ մի լուրջ
վերլուծության չի ենթարկվել Հայկական բանակի թվակազմը, զորատեսակները և զինատեսակները, բանակի և առանձին զորատեսակների ու զինատեսակների գործողության տակտիկան , գրեթե բացակայում են ճակատամարտերի նկարագրությունները, իսկ որոնք էլ նկարագրված են, նկարագրված են թերի, խիստ աղավաղված, միակողմանի, սովորաբար թշնամական կողմի տեղեկությունները որպես հավաստի և աներկբայելի ճշմարտություն ընդունելու, իսկ հայկական աղբյուրների տեղեկությունները ժխտելու, դրանց և ընդհանրապես հայկական զինված ուժերին թերհավատորեն մոտենալու ոգով: Հաճախ լղոզված են ՙբանակի պարտություն՚ և ՙբանակի կանոնավոր նահանջ՚ հասկացությունները,
որոնք թեև իրար շատ մոտ, բայց իրարից էական տարբերվող հասկացություններ են (օրինակ` Ավարայրի ճակատամարտի պարագայում): Ոչ մի քիչ թե շատ լուրջ վերլուծության չի ենթարկվել Հայկական բանակի հակառակորդների մարտավարությունը, զորատեսակները, զինատեսակները, տակտիկան, հատկապես թվաքանակը:
3. դրանցում գերակշռում է կեղծ գիտականությունը: Մասնավորապես առանց բացառության դեն են նետվում կամ էլ խիստ քննադատության և բացասական վերաբերմունքի են արժանանում այն փաստերը, որոն չեն հաստատվում օտարերկրյա աղբյուրների կողմից և չեն տեղավորվում համաշխարհային պատմության կողմից գրված դասական սխեմաներում: Շատ օրինակներ
կարելի է բերել, բայց սահմանափակվենք մեկով. IV դարի կեսի հայոց պատմության սկզբնաղբյուր Ամիանոս Մարկելոսին իդեալական ճշմարտախոս հայտարարելը հայոց պատմության վերաբերյալ և այս ֆոնի վրա Փավստոս Բյուզանդի այն տեղեկությունները ժխտելը կամ չընդունելը, որոնք չեն հիշատակվում առաջինի կողմից: Օրինակ` ինչպես կարող էր սովետահայ գիտնականը ընդունել Մծբինի 356 թվականի ճակատամարտում Հայկական բանակի կողմից հռոմեական բանակի ջախջախումը, եթե Ամիանոսն այս մասին ուղղակի չի խոսում: Բարեբախտաբար այս հարցին ներկայումս հանգամանորեն անդրադարձել է Արմեն Այվազյանը իր փայլուն աշխատության մեջ , և այս հարցի վրա մենք
մանրամասն կանգ չենք առնի:
Գոյություն ունի ևս մի լուրջ հիմնահարց: Վերջին հարյուրամյակներում պատմագիտության մեջ գերակշռել և գերակշռում է եվրոպական մոտեցումը: Դրա իմաստը կայանում է նրանում, որ հատկապես հին աշխարհում պատմության կերտողներ եղել են միայն հույները և հռոմեացիները, իսկ մնացած և հատկապես արևելյան ազգերը հանդես են գալիս որպես երկրորդ տեսակի ազգեր, մի տեսակ վայրենիներ, որոնք ոչ մի բանով աչքի չեն ընկել, բացի քանակական գերակշռությոնից և միշտ էլ զիջել են եվրոպացիներին: Հետագայում այս տեսակետը մարքսիստական տեսանկյունից վերանայվեց, բայց այս անգամ էլ ուշադրության կենտրոնում մնաց Եվրոպան,
իսկ Արևելքում ուշադրություն դարձվեց միայն այնպիսի պետությունների վրա ինչպիսիք են Իրանի սարահարթում տարբեր ժամանակներում ստեղծված պետությունները, Արաբական Խալիֆաթը և Չինաստանը: Այս սահմանները նախանշեց մարքսիզմը և սովետական պատմաբանները ի վիճակի չէին դուրս գալ այս շրջանակից և առաջ քաշել մի թեզ, որը կհակասեր նրան: Ավելին. ցանկացած նման փորձ շատ հեշտությամբ որակվում էր որպես ազգայնամոլություն կամ առնվազն ազգային սնափառություն: Ինչպես կարող էր սովետահայ պատմաբանը նշել մ.թ.ա. III հազարամյակի վերջում Միջագետքում հաստատված Հայկական Առաջին համաշխարհային գերիշխանության դեմոկրատական բնույթի մասին,
եթե դեռ մարքսիզմի կլասսիկներն են նշել, որ դեմոկրատիան ծնվել է Հունաստանում մ.թ.ա. I հազարամյակի կեսերում: Իսկ այն փաստը, որ բացի Տիգրանյան Հայաստանից, Հայաստանը ևս վեց անգամ հասել է համաշխարհային գերիշխանության, ի վիճակի էր հեշտորեն նման գիտնականի մոտ սրտի կաթված առաջացնել: Մի զարմացիր ընթերցող. նույնիսկ այժմ, երբ հայ պատմագիտությունը ազատվել է նախկին կապանքներից, չեն ընդունվում կամ ուշադրություն չեն դարձվում այնպիսի փայլուն գիտնականների աշխատությունների վրա, ինչպիսիք են Արմեն Այվազյանը, Արտակ Մովսիսյանը, Ալեքսանդր Վարպետյանը, Սուրեն Այվազյանը և այլն: Իսկ կենցաղային մակարդակով մեր հայերի
մեջ այն աստիճան է ներծծված այս թույնը, որ ցանկացած փորձ, հենվել վերը նշված գիտնականների աշխատություններում բերված փաստերի վրա, հանդիպում է առնվազն թերհավատ ժպիտի և ազգային սնափառության մեջ մեղադրանքի այն անձանց կողմից, որոնց թվում է, թե իրենք լավ գիտեն հայոց պատմությունը, քանի որ ժամանակին անգիր իմացել են հայոց պատմության սովետական դպրոցական դասագրքերը:
4. հայոց պատմության վերաբերյալ դրսևորվում է զարմանալի մակերեսային մոտեցում: Սովորաբար տարբեր գրքերում խոսվում է միայն միևնույն փաստերի մասին նունիսկ նույն արտահայտություններով, իսկ այդ ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ և գուցե ավելի կարևոր
իրադարձություններ հիշատակության և վերլուծության չեն արժանանում. այսպես, 748-752 թթ. Հայաստանում ծավալված հակաարաբական ապստամբության մասին խոսելիս հիմնականում նշվում են Ղևոնդի բերած տվյալները և այնպիսի տպավորություն է ստացվում, թե հիմնական իրադարձությունները կազմում էին Դավիթ և Գրիգոր Մամիկոնյանների ծավալած գործողությունները, ապստամբների Սև ծովի ուղղությամբ շարժվելը և պավլիկյաններից ՙօտարանալը՚ (այս ֆոնի վրա հատկապես հաճույքով ընդգծվում է հայ ազնվականության` իր դասակարգային շահերով առաջնորդվելը): Սակայն համընդհանուր լռության են մատնված նույն ապստամբության բաղկացուցիչ մասը կազմած և ավելի
վճռական, իսկ հաճախ նաև հաղթական այնպիսի դրվագներ, ինչպիսիք են Սասնա (Տարոնի) իշխանության մղած հաղթական ռազմական գործողությունները Հյուսիսմիջագետքյան արաբների դեմ, Հյուսիսային Հայաստանում հայ-վրացական բանակի ծավալած հաջող գործողությունները, ինչպես նաև Արցախ-Ուտիքում և մասնավորապես Կուրի ձախափնյա որոշ տարածքներում Միքայելի գլխավորած բանակի` իր դեմ ուղարկված արաբական բանակներին պարտության մատնելը, որոնց մասին լավագույն դեպքում արվում են ընդհանուր բնույթի ակնարկներ:
Հաճախ մոռացության են մատնվում ամբողջական ապստամբություններ, պատերազմներ, արշավանքներ և ճակատամարտեր, իսկ եղածներն էլ
վերլուծված ու նկարագրված են խիստ թերի, մակերեսորեն և անգույն : Հնարավոր է բերել ասվածի տասնյակ օրինակներ, բայց մենք կբերենք միայն երկուսը: Եթե բոլոր գրքերում մանրամասն խոսվում է 449-451 թ. և 481-484 թթ. ապստամբությունների մասին, ապա ապշեցուցիչ լռության են արժանացել Արցախ-Ուտիքի 463 թ. և Մարզպանական Հայաստանի 491-499 թթ. ինչպես նաև բազմաթիվ այլ ապստամբություններ և հարյուրավոր ճակատամարտեր կամ առանց բացառության բոլոր աղբյուրներում խոսվում է, որ հայերը Ավարայրի ճակատամարտում տվեցին 1.036, իսկ պարսիկները 3.544 զոհ, սակայն սա գրած հեղինակները նույնիսկ նեղություն չեն տվել իրենց բացել Եղիշեի
աշխատությունը և կարդալ, որ 1.036 զոհ տվեցին միայն նախարարական տոհմերը, իսկ 3.544 զոհ` ուրացողները, այլ ոչ թե պարսիկները :
Բացի այդ մեր պատմաբաններից գրեթե ոչ ոք գիտելիքներ չուներ հենց ռազմական պատմությունից: Ասվածի ապացույցն այն է, որ տասնամյակների ընթացքում ոչ մի պատմաբանի մոտ հարց չի առաջացել, թե ինչպես է հնարավոր օրինակ նույն Ավարայրի ճակատամարտում 14 ժամ այդպիսի հսկայական բանակների ընդհարման դեպքում ունենալ ընդամենը 4.580 զոհ:
5. ապշեցնում է ևս մեկ հանգամանք. որպես հիմնաթեզ ընդունելով այն փաստը, որ ՙՀայաստան՚ հասկացությունն ընդգրկում է միայն Մեծ Հայքի 15 նահանգները, հայ
պատմագիտության հայացքը կարծես մի անհաղթահարելի ուժով գամված է Մեծ Հայքի այն էլ ոչ թե լրիվ, այլ միայն կենտրոնական նահանգների պատմության վրա, այն դեպքում, երբ Հայաստանի ծայրամասային նահանգներում տեղի էին ունենում հաճախ ավելի կարևոր իրադարձություններ, որոնք իրենց ազդեցությունն էին թողնում ողջ երկրի ճակատագրի վրա: Գոնե մի աշխատության մեջ հստակորեն այն միտքը չի արտահայտվել, թե ՙՀայաստան՚ հասկացությունը ոչ թե հավասարժեք է Մեծ Հայքին, այլ Հայաստանը Մեծ Հայքի 15 նահանգներն են, ինչպես նաև Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը և Կիլիկիան` անկախ ցանկացած քաղաքական փոփոխությունից : Այսպես. դեպի Հայաստան
արաբական արշավանքներին վերաբերվող բոլոր աշխատություններում Հայաստան արաբների մուտքի ժամանակ է ընդունվում նրանց` Տարոն ներխուժելու ժամանակը: Բայց միթե Հայոց Միջագետք նահանգի Եդեսիա քաղաքի գրավումը, որը տեղի ունեցավ նկարագրված դեպքերից գրեթե մեկ տարի առաջ չի նշանակում, որ արաբները հենց այս ժամանակ մտան Հայաստան: Վերոհիշյալ 3 նահանգների, բացառությամբ Կիլիկիայի իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև Մեծ Հայքի ծայրամասային նահանգների պատմության մասին կամ համակ լռություն է, կամ էլ լավագույն դեպքում ընդհանուր խոսքերով արվում են մի քանի թեթև ակնարկներ: Արցախի, Ուտիքի և Փայտակարանի
մասին գրելն ընդհանրապես համարվում էր վատ տոն, քանի որ դա կհակասեր ՙհայ և ադերբեջանցի ժողովուրդների դարավոր բարեկամությանը՚: Գրեթե նույն պատճառով ուսումնասիրությունից հիմնականում դուրս է մնացել Գուգարք, Տայք նահանգների, մասսամբ էլ Բարձր Հայք նահանգի հյուսիսային գավառների պատմությունը V դարից սկսած: Կիլիկիան ընդհանրապես չի համարվել Հայաստանի նահանգ առանց բացառության ոչ մի աշխատության մեջ, Հայոց Միջագետքը հիմնականում հիշատակվում է միայն մ.թ. 37 թվականի իրադարձությունների հետ կապված, իսկ Փոքր Հայքն ի սկզբանե դիտվում էր կիսահայկական-կիսահունական տարածք և նրա պատմությունն այնքան վատ է
ուսումնասիրված, որ հայոց պատմությանը նվիրված ոչ մի աշխատության մեջ նույնիսկ հիշատակություն չկա Հայաստանի տարածքում ստեղծված այնպիսի մի պետության մասին, ինչպիսին Տրապիզոնի կայսրությունն է: Կարծես ի սկզբանե ընդունվում է, որ դա հունական տարածք է: Լռության են մատնված միջնադարյան Հայաստանի այնպիսի քաղաքների պատմություններ, ինչպիսիք են Մծբինը, Եդեսիան, Ամիդը, Տիգրանակերտը, Մելիտեն, Սամոսատը, Խարբերդը, Սեբաստիան, Մամեստիան, Տարսոնը, Անարզաբան, Կարինը, Մանազկերտը, Դվինը, Նախիջևանը, Պարտավը, Խլաթը, Արճեշը, Բերկրին, Բաղեշը, Ադանան, Մարաշը և այլն: Մի խոսքով միջնադարյան Հայաստանի այնպիսի քաղաքների
պատմություններ, որոնք բացառիկ դեր ունեին տարածաշրջանային քաղաքականության և միջազգային առևտրի մեջ ընդհանրապես համակարգված ուսումնասիրված չէ: Խորը մշուշում են գտնվում նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հայերի և խաչակիրների հատկապես ռազմական հարաբերությունները խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում, Կիլիկիայի հին ժամանակաշրջանի, վաղ և միջին միջնադարի պատմությունը, տարբեր ժամանակներում հայկական ռազմուժի մղած դաշնակցային պատերազմները, Հայոց ռազմուժի դերը հարևան երկրների բանակներում և այլն: Իսկ Արշակունյաց գահատոհմի կործանումից հետո խոսվում է միայն Մարզպանական Հայաստանի պատմության մասին:
Մարզպանական Հայաստանից բռնի անջատված ինչպես նաև բյուզանդական տիրապետության տակ գտնվող տարածքների պատմությունից հիշատակվում են բացառիկ էպիզոդներ, այն դեպքում, երբ այնտեղ երբեմն տեղի էին ունենում խիստ կարևոր իրադարձություններ:
Երբ ես սկսեցի աշխատել ՙՀայ ժողովրդի ռազմական Տարեգիրք՚ աշխատության վրա, պարզվեց, որ նմանատիպ աշխատություն չի գրվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Դրա համար էլ այն գրելիս ես գրեթե զրոյից ստեղծեցի ոչ միայն լիովին նոր սկզբունքներ, այլև կառուցեցի նմանատիպ աշխատանք գրելու մեթոդական լիովին նոր մի համակարգ:
Աշխատությունը գրելիս ես որպես հիմնարար ընդունեցի իմ
մեթոդը ձևավորած հետևյալ սկզբունքները`
1. ՙՀայաստան՚ հասկացությունն ընդգրկում է պատմական Հայաստանի 18 նահանգ (Մեծ Հայքի 15 նահանգները, Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը և Կիլիկիան) և երկրագնդի վրա համապատասխանում է Կիլիկիա նահանգի Անամուռ հրվանդանից 32.8-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս, Անտիտավրոսյան լեռներով դեպի հյուսիս-արևելք, Արգեյոս լեռան հարավով Ծամնդավ (Սեյհան) գետի վերին հոսանք, 37-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս` մինչև Սև ծով, Սև ծովի ափից սկսած 41.8 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևելք մինչև Կուր գետ, Կուր գետով մինչև
Կասպից ծով, Կասպից ծովի ափից սկսած 38.5 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք մինչև Տրպատունիք գավառի հյուսիս-արևելք` 46.3 արևելյան երկայնություն, 46.3 արևելյան երկայնությամբ` Տրպատունիք գավառի արևելյան սահմանով դեպի հարավ մինչև Վարառատ գետ, նրանից ուղիղ դեպի արևմուտք, Արասխ գետ, Զագրոշի լեռնաշղթա, նրանից 36.9 հյուսիսային լայնությամբ` մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք, Ամանոսյան լեռներով հարավ` մինչև Մուսա լեռան մոտի Միջերկրական ծովի ափ սահմանագծի միջև ընկած տարածքին: Երկրագնդի հենց այս մասում տեղի ունեցած իրադարձություններն են հիմնականում իմ կողմից ենթարկվել
ուսումնասիրության:
2. ամեն ինչ մեր պատմության մեջ մերն է: Իրոք իմաստուն էր Գարեգին Նժդեհը, երբ ասում էր, որ. ՙՄենք պետք է փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, մենք պետք է ընդունենք մեր իրական վերքերը, ուսումնասիրության ենթարկենք մեր ժողովրդի հոգին և միայն դրանից հետո կարող է խոսք գնալ բուժման մասին՚: Կրկնենք, և ընգծենք կրկին, որ ամեն ինչ մեր պատմության մեջ մերն է, և փայլուն հաջողություններն ու ձեռքբերումները, և ծանր անհաջողություններն ու կորուստները և այս ամենից մենք չենք փախչի: Ընդհակառակը, մեզ պետք է սթափ հայացքով նայել մեր պատմությանը, քանի որ այնտեղ չափազանց շատ
ուսանելի փորձ է կուտակված, որը մեզ և ապագա սերունդներին կօգնի գնահատել անցյալը, հասկանալ ներկան և կանխատեսել ապագան: Ես երբեք չեմ փորձել այս աշխատության մեջ ՙուռա-հայրենասիրական՚ դիրքերից ժխտել ակնհայտը: Որևէ ճակատամարտում Հայկական բանակի կրած պարտությունը անվանվում է պարտություն, քանի որ նույնիսկ եթե ես չափազանցեցնելով այն անվանեմ հաղթանակ, դրանից ոչ զոհված ռազմիկները կկենդանանան, ոչ էլ հետագա բացասական քաղաքական հետևանքները կչեզոքանան, իսկ աշխատության արժեքին հսկայական և անուղղելի վնաս կհասցվի: Սակայն միևնույն ժամանակ գտնում եմ, որ ոչ պակաս վնաս կհասցվի աշխատության արժեքին հակառակ
ծայրահեղության մեջ ընկնելը և ձեռք բերված հաջողությունները ժխտելը:
3. ոչինչ չավելացնել և ոչինչ չպակասեցնել: Ես գրել եմ միայն հավաստի փաստեր և պատասխանատու եմ ու ունեմ հիմնավորում իմ գրած ամեն մի տառի համար, իսկ որտեղ կա