1848 -
1849թթ. հունգարական ազատագրական պայքարի պարտությունից հետո,
1849թ. հոկտեմբերի 6-ին ավստրացիների կողմից մահապատժի ենթարկված
տասներեք զինվորական ղեկավարներից երկուսը` գեներալ - լեյտենանտ Էրնյո
Կիշշը եւ գնդապետ Վիլմոշ Լազարը ծագումով հայազգի էին: Քչերին է հայտնի,
որ թվով համեմատաբար փոքր հունգարահայությունը նշանակալից դեր է խաղացել
1848-1849թթ. հունգար ազգի ազատագրական պայքարում:
Երկու`
հիմնականում հայաբնակ Տրանսիլվանիայի քաղաքների` Սամոշույվարի (Գեռլայի)
եւ Էրժիբեթվարոշի (Եղիսաբեթուպոլսի) պատվիրակները 1848թ. գարնանը
Տրանսիլվանիայի Ազգային ժողովում խանդավառությամբ սատարել են
Տրանսիլվանիայի միացումը Հունգարիայի հետ, իսկ ամբողջ
Տրանսիլվանիայի հայությունը` հարուստ վաճառականներից սկսած եւ ոչ այնքան
հարուս հայ բնակչությունով վերջացրած, մեծ նյութական օգնություն է ցույց
տվել ազատագրական բանակի ստեղծման նպատակով առաքված Կոշուտի արժեքաթղթերը
դրամային ապահովման համար: Սամոշույվարի եւ Էրժինեթվարոշի քաղաքացիները
մեծ ցնծությամբ, աղով ու հացով են դիմավորել 1848թ. դեկտեմբերի վերջին եւ
1849թ. մարտին գեներալ Բեմի ազատագրող զորագնդերը: Սակայն հետագայում
կայսերական զորքերի կողմից հեղափոխության ճնշումից
հետո այդ քաղաքների
բնակիչնեչը խստիվ
պատժվեցին:
Հունգարիայի հայությունը ոչ միայն վերը
նշված երկու քաղաքներում էր բնակվում: Այն ժամանակվա հաշվեգրության
տվյալների համաձայն, 1848թ. Հունգարիայում (2000) եւ Տրանսիլվանիայում
(10000) ապրող հայրերի թիվը հասնում էր 12 հազարի:
Հունգարիայի հայերը մեծամասնությամբ 1672թ. Տրանսիլվանիա
ներգաղթած եւ այստեղ բնակություն հաստատած հայերի հետնորդներն
էին:
Լինելով հիմնականում արհեստավորներ եւ առեւտրականներ, հայերը հետագայում`
սկսած XVIII-րդ դարից, աստիճանաբար
բնակություն են հաստատում նաեւ Հունգարիայի եւ Տրանսիլվանիայի մյուս
մասերում:
Սկսած
XVIII-րդ դարի մեջտեղից մոտ
հարյուր տարվա ընթացքում հայկական համայնքի ներկայացուցիչների մի մասը
ձեռք էր բերել տնտեսական եւ քաղաքական զգալի ուժ: Հունգարիայի մի շարք
հարուստ հայ ընտանիքներ ստացել էին ազնվականի կոչումներ:
1848/1849թթ. ընթացքում
հոնվեդական դրոշի տակ կռվել են ավելի քան յոթանասուն հունգարահայ սպաներ:
Այդ թիվը, ինքըստինքյան կարող է մեծ չթվալ, եթե համեմատենք այն 1848/1849թթ.
հոնվեդական բանակի 11-12 հազար սպաների թվի հետ: Սակայն միեւնույն
ժամանակ այդ թիվը չափազանց մեծ է համեմատած հունգարահայության ընդհանուր
քանակի հետ: 1848թ-ին հոնվեդական բանակի հրետանու ստեղծողն ու
հրամանատարը հայազգի Դենեշ Լուկաչն էր:
Հիշատակության արժանի է Սամոշույվարի գերագույն դատավորի
որդի, Բուդապեշտի ազգային գվարդիայի ավագ լեյտենանտ, համհարզ Տիվատարր
Նովակի անունը, որին 1849թ. մարտի 14-ին ավստրիացիները գնդակահարեցին այն
բանի համար, որ փորձում էր կայսերական բանակի զինվորներին համոզել
ազատամարտիկների կողմը անցնելուն:
Բացի հայ
սպաներից
հոնվեդական բանակում կռվում էին բազմաթիվ հայ զինվորներ, սակայն նրանց
հստակ թիվը հայտնի
չէ: