HOME
HISTORY
BIOGRAPHIES
ANALYTICS
MAPS
LIBRARY
LINKS
ABOUT ME

 

MYTHOLOGY
MILITARY HISTORY
CAPITALS
CHURCHES
COINS
DIASPORA-SPYURQ
KINGS
GALLERY
KARABAKH
JAVAKHK

 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ

 

Նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումը արգելված է

 

Հեղինակ: Արտակ Մաղալյան - E-mail (Հոդվածը տպագրված է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի` Հայոց Պատմության Հարցեր, Գիտական հանդեսում, համար 10, Երևան 2009թ.)

1375 թ. Կիլիկիայի հայոց թագավորության անկումից հետո, այնուհանդերձ, հայկական մի շարք լեռնային մանր իշխանությունների հաջողվեց պահպանել իրենց կիսանկախ գոյությունը:

Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև Հայաստանի 1555 թ. բաժանումից և 1639 թ. վերաբաժանումից հետո Հայաստանի` Թուրքիային անցած մասում` Արևմտյան Հայաստանում, հայկական նման մանր իշխանությունների հետքեր պահպանվել էին Զեյթունում, Սասունում, Շատախում, Մոկսում և Դիարբեքիրի փաշայության մեջ մտնող Իսյանի լեռնակղզում: Իսկ Հայաստանի` Պարսկաստանին անցած մասում` Արևելյան Հայաստանում, նման ինքնավար իշխանություններ պահպանվել էին Սյունիքում և Արցախում: Վերջինիս մասին տակավին 1307 թ. Հեթում Պատմիչը գրել է, որ երբ թաթարմոնղոլները ՙկալան զմեծն Ասիա ողջոյն, բաց ի թագաւորութենէն Ափխազաց` որ ի Վիրս, և բաց ի գաւառէ անտի թագաւորութեան Հայոց, որ ռամկօրէն կոչի Հալօյէն (Արցախ – Ա. Մ.): Այս երկու նահանգք զդէմ կալան Սարակինոսաց, և ոչ կամեցան բնաւ հպատակիլ նոցա՚: Սակայն, ինչպես իրավացիորեն նկատել է ակադ. Ա. Հովհաննիսյանը, ՙներքին որևէ կապ չկար այդ հայ համայնքների միջև, բոլոր պարագաներում դրանք չէին դառնում ազգային անկախության հանգրվաններ՚: Այդ կիսանկախ իշխանություններից առավել հզորը Արցախի մելիքություններն էին, որոնց ինքնիշխան տիրակալները` մելիքները, մի քանի դար շարունակ հանդիսացել են հայոց ազատագրական պայքարի դրոշակակիրներ: Ողջ միջնադարի ընթացքում իր աշխարհագրական նպաստավոր դիրքի շնորհիվ Արցախը կարողացել էր դիմակայել օտար ներխուժողների ավերածություններին և հիմնականում պահպանել իր ոչ միայն քաղաքական ինքնուրույնությունը, այլև հայ ավատատիրական հասարակությանը բնորոշ սոցիալտնտեսական կառուցվածքը:

Արաբերեն ՙմելիք՚ բառը նշանակում է իշխող, տիրակալ, թագավոր, իսկ նշանավոր լեզվաբան Հ. Աճառյանը սերված է համարում ՙmlk՚ ՙտիրել՚, ՙիշխել՚ ընդհանուր սեմական արմատից: Միջնադարում այսպես են կոչվել Առաջավոր Ասիայի մուսուլմանական երկրների տիրակալները, իսկ ուշ միջնադարում` Արևելյան Հայաստանում իրանական տիրապետության շրջանում, մելիքներ էին կոչվում բնիկ ազնվականության մնացորդներից բարձրացած և իրենց տիրույթներում վարչական արտոնություն ունեցող ֆեոդալները: Մելիքներ էին կոչվում նաև գյուղերի, ավանների և քաղաքների թաղամասերի այն ավագները, որոնք պատասխանատու էին հարկերի գանձման համար:

Մելիքներից ոմանք իրենց հպատակությունն էին հայտնել նվաճողներին` նրանց հանդեպ կատարելով բոլոր պարտավորությունները: Սակայն, Սյունիքում և Արցախում մելիքները թեև ընդունել էին նվաճողների գերիշխանությունը, բայց ներքին կառավարման հարցերում, այսինքն` հարկահավաքման, դատավարության և այլն, ունեին գործելու լիակատար ինքնուրույնություն: Նրանք ունեին նաև զորք պահելու իրավունք:

Վերոնշյալ նահանգներում մելիքական իրավունքը, թեև հաստատվում էր շահի հրովարտակով, սակայն այն, ըստ էության, ուներ ժառանգական բնույթ: Այս հանգամանքը նպաստում էր մելիքական տների զորացմանը: ՙՍակայն աղբյուրները ցույց են տալիս, որ մելիքական իրավունքն սկզբնապես հաստատուն ու անփոփոխ մի երևույթ չէր,– գրում է պատմաբան Բ. Ուլուբաբյանը,– այլ փոփոխվում էր այս կամ այն շահի կողմից, ենթարկվելով նրա կամքին ու հայկական աշխարհի նկատմամբ ունեցած վերաբերմունքին՚:

Թեև XVI–XVIII դարերում Արևելյան Հայաստանում կային բազմաթիվ մելիքություններ, սակայն այդ իշխանություններից առավել անվանի էին Արցախի հինգ` Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնց էլ վիճակված էր մեծ դեր խաղալ ուշ միջնադարի հայոց պատմության մեջ:

ՙԱրցախը տեղագրական, լեռնագրական և բնական տեսակետներով մի աշխարհագրական ամբողջություն է կազմում,– իրավացիորեն նկատել է Լեոն,– որն ամբողջական կերպարանք է տալիս այդ երկրի կյանքին: Այսպիսով, թեև Արցախը բաժանված էր մի շարք մանր լեռնագավառների, սակայն, ընդհանուր առմամբ, ներկայացնում էր մի խիստ բնորոշ, ընդգծված ամբողջություն` տնտեսական, ազգագրական և լեզվական տեսանկյունից՚:

Հայկական ինքնավար այս իշխանությունները XVII դ. վերջերից փորձել են թոթափել պարսկական լուծը, իսկ 1724–1735 թթ. մարտնչել են Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ, ինքնաբերաբար դաշնակցելով Իրանին: Այդ թվականներին տարածաշրջանում ստեղծված իրավիճակը լավագույնս ներկայացրել են Գանձասարի կաթողիկոս Եսայի ՀասանՋալալյանն ու Արցախի մելիքները` 1723 թ. նոյեմբերի 1ին Պետրոս Iին հղած նամակում. ՙԹագաւորն Պարսից յոյժ նուազեցաւ, և ոչ իսկ երևի, և իշխանութիւն օսմանցոյն տակաւին առ մեզ ոչ է հասեալ՚: Եվ հենց կենտրոնական իշխանության բացակայության այդ պայմաններում է, որ Հայոց Սղնախները, որպես ռազմաքաղաքական միավորումներ, իրականացրել են իրենց երկրամասի կառավարումը և անվտանգության ապահովումը: Իր ազատությունը պաշտպանելու նպատակով լեռնաշխարհի հայությունը դիմել է կենաց և մահու պայքարի: 

Գնահատելով թուրքերի դեմ մղված պայքարում հայերի բազմաթիվ ծառայությունները Իրանի Նադիր շահը 1736 թ. ճանաչել է Արցախի մելիքների ինքնիշխանությունը և վերահաստատել նրանց դաշնային ինքնավարությունը` Խամսայի մելիքություններ (հինգ մահալ, պարսկերեն` ՙՄահալե խամսե՚) անունով: Իսկ Դիզակ գավառի տիրակալ Մելիք-Եգանը նշանակվել է Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ: Նա ուղղակիորեն ենթարկվում էր Նադիր շահի եղբայր Իբրահիմ խանին, որը նստում էր Ատրպատականի Թավրիզ քաղաքում: Մելիք-Եգանի մոտ էին հավաքվում Արցախի հինգ մելիքությունների հարկերը և նրա միջոցով հանձնվում շահական գանձարանին: Այսպիսով, ՙԱնդրկովկասում ՔարթլիԿախեթի վրացական վալիության կողքին, առաջին անգամ ստեղծվում էր նաև ՙՄահալե խամսե՚ անվանվող հայկական առանձին բեկլարբեկիություն, որն ընդգրկում էր պատմական Արցախն ու մինչև Արաքսի ափը ձգվող հարակից տարածքները՚: Համեմատության համար նշենք, որ ՙիրանցիների կողմից վրաց թագավորները ճանաչված էին սոսկ որպես ՙկառավարիչներ՚ կամ ՙվալիներ՚ ու ՙխաներ՚: Այդ արգելք չէր,  որ  վրաց  նույն  այդ  իշխողները թագավորներ կոչվեին Վրաստանում և որպես այդպիսիներ նաև ճանաչվեին վրաց միջնադարյան հանրության կողմից՚: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայ իրականության մեջ էլ Արցախի մելիքությունները, փարված իրենց անառիկ լեռներին, մնացել էին այն միակ ուժը, որոնց հենքի վրա հնարավորության դեպքում կարող էր վերստին հառնել հայոց պետականությունը: Պատահական չէ, որ Արցախի մելիքներն իրենց համարում էին ՙհայոց թագաւորաց ազնիւ զինվորաց մնացեալ ժառանգք՚:

 X X X

                Թվում է, ոչինչ չէր սպառնում Արցախի մելիքների իշխանությանը իրենց երկրամասի վրա, եթե մի անակնկալ դիպված չգար խախտելու կիսանկախ լեռնաշխարհի անդորրը:

Նադիր շահը իր հրամանով 1744 թ. մահապատժի ենթարկված Մելիք-Միրզաբեկի փոխարեն Վարանդայի տիրակալ է նշանակել Մելիք-Հուսեինի ավագ որդի Մելիք-Հովսեփին, որին ևս պարսիկները Հուսեին էին անվանում: Նրա ստորագրությունն ու կնիքը պահպանվել են 1745 թ. հուլիսի 27ին կազմված մի պարսկերեն կալվածագրում ՙՎարանդայի Մելիք- Հուսեյն՚ ձևով: Վերջինիս մելիքությունը, սակայն, կարճ է տևել:

Մելիք-Հովսեփի կրտսեր եղբայր Մելիք-Շահնազար Բը, օգտվելով Նադիր շահի սպանությանը (1747) հաջորդած քաոսից, սպանել է եղբորը, կոտորել նրա ընտանիքը և իրեն հռչակել Վարանդայի մելիք: Ուշագրավ է այս եղբայրասպանության Րաֆֆու մեկնաբանությունը. ՙՄելիք-Հովսեփը և Մելիք-Շահնազարը խորթ եղբայրներ էին,– բացահայտում է նա,– Հովսեփը ծնված էր Մելիք-Հուսեինի Աննախաթուն անունով կնոջից, որը Դիզակի իշխան Մելիք-Ավանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրախանումից, որը Նախիջևանի խանի աղջիկն էր, ազգով թուրք: Մելիք-Հուսեինը նրան իբրև գերի բերեց Նախիջևանից, հետո ամուսնացավ նրա հետ՚: Ըստ Մելիք-Շահնազարյանների տոհմական ավանդությունների` Մելիք-Հուսեինը Զոհրախանումին փախցրել է Արցախի սղնախների զորքի` դեպի Սյունիք 1724ին կատարած օգնական ռազմերթի ընթացքում, երբ վերջինս ընդամենը 15 տարեկան էր, հետևաբար` Զոհրախանումը ծնվել է 1709 թ.: Այստեղից կարող ենք ենթադրել, որ Մելիք-Շահնազարը, ամենայն հավանականությամբ, ծնված պետք է լինի այդ դեպքից մեկերկու տարի անց` 1725 կամ 1726 թվականին:

                Շահնազարի կողմից սպանված Մելիք-Հովսեփը Խաչենի տիրակալ ՀասանՋալալյանների տան փեսան էր և վերոհիշյալ արյունահեղությունից մազապուրծ եղած նրա փոքրահասակ որդինª Սայիբեկը, ապաստանել էր այնտեղ, իր քեռի Մելիք-Ալլահվերդու մոտ: Սակայն շուտով սարջալլուների ցեղապետ Փանահ Ալիի հետ դաշնակցած Մելիք-Շահնազարի եղբայրասպան ձեռքը հասավ նաև նրան:

Շահնազարի մելիքական իշխանությունը 1748 թ. հաստատվել է Իրանի Ալի Իբրահիմ շահի հրովարտակով:

Մելիք-Շահնազարի տմարդի արարքը նրա դեմ է հանում Արցախի մյուս մելիքներին: Այդ մելիքները` Գյուլիստանի Մելիք-Հովսեփը, Ջրաբերդի Մելիք-Ալլահղուլի սուլթանը, Խաչենի Մելիք-Ալլահվերդին և Դիզակի Մելիք-Եսային, միավորելով իրենց ուժերը, պաշարում են Մելիք-Շահնազարի Ավետարանոց բերդը, բայց վերահաս ձմռան պատճառով չկարողանալով գրավել` վերադառնում են իրենց տեղերը, գարնանը կրկին արշավելու պայմանով: Անտարակույս, Վարանդայի տիրոջ ուժերը բավարար չէին մյուս չորս մելիքների դեմ տևական ժամանակ պայքարելու համար: ՙՄելիք- Շահնազարը զգալով իր տկարությունը մելիքների հանդեպ անհանգստացած սկսում է ելք որոնել,– գրում է XIX դ. պատմագիր Միրզա Յուսուֆ Ներսեսովը,– ճարահատյալ դիմում է Փանահ խանի օգնությանը, նրան հպատակվում և հավատարմության երդում է տալիս և նրա աջակցությամբ ազատվում մելիքների պատժից… Մելիք- Շահնազարը լինելով շատ հարուստ Ղարաբաղի խաներին ծառայություններ է մատուցում, որի շնորհիվ մեծ պատվի է արժանանում: Փանահ խանի իշխանության սկզբնական շրջանում, երբ նա փողի կարիք էր զգում, Մելիք- Շահնազարը անհրաժեշտության դեպքում օգնության էր հասնում և նրա կարիքները բավարարում: Վերջում Մելիք- Շահնազարը իր գործերը բարելավելու և դիրքերն ամրապնդելու համար, աղջկան Հուրզադ խանումին, կնության է տալիս Իբրահիմ խանին (Փանահի որդուն – Ա. Մ.), և այդ կերպ նրա հետ բարեկամական կապեր հաստատում՚:

1775 թ. հուլիսի 6ին Գանձասարից Սիմեոն Երևանցի կաթողիկոսին ուղղված մի անստորագիր նամակում կարդում ենք. ՙԵւ եթէ ի կողմանցս յայսցանէ հարցանիցես. հնգեքին մէլիքքն են ընդ մեզ բաց ի մէլիք Շահնազարէն, որ դեռևս խարդախութեամբ ընդ մեզ գնայ, և ոչ զնախանձն իւր հատանէ ի մէնջ՚:

Այդ շրջանում Արցախում տեղի ունեցած իրադարձությունները ներկայացնում է նաև Հովսեփ արքեպս. Արղությանը, որը 1780ին հերթականությամբ ներկայացնելով Խամսայի մելիքներին, Վարանդայի Մելիք-Շահնազարի մասին գրում է. ՙԶօրացուցիչն է տաճկաց և միաբան ընդ խանին. ունի կարօղութիւն և սա հազար արանց պատերազմողաց՚: Իսկ ահա գեներալ Պավել Պոտյոմկինին Հ. Արղությանի` 1783 թ. հունվարի 28ին գրած նամակում կարդում ենք. ՙՄելիք- Ադամի, Մելիք- Յովսէփի և Մելիք- Եսայու խորհուրդն մի էր, բայց ի մէջ նոցա որպէս թէ խտրոցէր Մելիք- Շահնազարն, որ է այր խորամանկ, թերահաւատ և ամենայն գործս բարեաց անպիտան, նենգաւոր և դաւաճանօղ եղբարց: Ի Ղարաբաղ գայր էլ ինչ, որպէս յերկրիս նօղայիքն խորանաշրջիկ, որք կոչիւր Ջվանշիր, որոյ գլխաւորի անունն էր Փանայ խան: Խորամանկն ի չարիս Մելիք- Շահնազարն զնա կոչեալ ի յօգնութիւն իւր, կամաւ իւրով հնազանդեցաւ նմա և զբերթն իւր ետ նմա՚: Հնդկահայ ականջալուրժամանակակիցները Մելիք-Շահնազարին բնութագրել են այսպես. ՙՀնարամիտ անձնավորություն է, հմուտ դիվանագիտական օրենքներին ու ծեսերին: Սա ևս պարսից իշխանությանն է ենթարկվում. առանց պարսիկ իշխանի (Փանահի – Ա. Մ.), որը սրան իրեն է հպատակեցրել, որևէ բան, ինչ էլ որ կամենա, չի կարող անկախաբար կատարել՚: Մենք այս հղումները կատարեցինք ցույց տալու համար ժամանակակիցների միանշանակ գնահատականները Մելիք-Շահնազարի գործած դավաճանությանը:

Իսկ ահա այդ իրողության արձագանքները XIX դարի կեսերի հայկական մամուլում. ՙՇահնազար` Վարանդայի մէլիքը, Չարաբերդի Մէլիք Ադամին և Գիւլիստանի Մէլիք Յովսէփին մէջ եղած դաշնակցութենից վախենալով, ինքն էլ Փանահ խանին հետ մի բարեկամութիւն արաւ, նրան իր բնակատեղին Շուշուայ բերդը և իր աղջիկն էլ (Փանահի որդուն – Ա. Մ.) կնութեան տուաւ՚: Այս տեսակետի հետ համակարծիք է նաև ռուս նշանավոր պատմաբան Պ. Բուտկովը, որը Շահնազարի դավաճանության մասին գրում է. ՙԱյստեղ ամենաամուր վայրը Շուշին է, որը պատկանել է Վարանդայի Մելիք-Շահնազարին: Վերջինս, թշնամանալով հնուց ի վեր իրար հետ դաշնակից երկու մելիքների` Ջրաբերդի Ադամի և Իգիրմիդորդի (Գյուլիստանի – Ա. Մ.) Հովսեփի հետ, դաշինքի մեջ մտավ Ղարաբաղի մերձակայքում թափառող թաթարական ջևանշիր ցեղի աննշան ցեղապետ Փանահ խանի հետ, և Նադիրի մահից հետո նրան հանձնեց Շուշին ու իր սղնախով հանդերձ հպատակվելով նրան` միացած նրա հետ 20 տարի շարունակ պատերազմ մղեց իրեն թշնամի այդ երկու մելիքների դեմ… Այսպիսով, Ղարաբաղի մելիքները իրենք իրենց մեղքով իրենց գլխին դրեցին դաժան տիրակալի՚:

Փաստորեն, այդ եղբայրասպան պատերազմում հայ մելիքներից հաղթողներ և պարտվողներ չեղան, այլ օգուտ քաղեց երրորդ, օտար կողմը վաչկատուն սարջալլուների ցեղապետ Փանահ խանը, որը Մելիք-Շահնազարի թողտվությամբ 1752ին հաստատվեց Արցախի սրտում` Շուշիում:

X X X

Ով էր Ղարաբաղի խանության հիմնադիր Փանահը, որն այդքան ճարպկորեն օգտվեց Արցախի մելիքների երկպառակություններից: Նրա ծագման վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հաղորդում մահմեդական պատմագիրներ Միրզա Ադիգյոզալբեկը, Միրզա Ջամալ Ջևանշիրը և Ահմեդբեկ Ջևանշիրը: Ըստ Միրզա Ադիգյոզալբեկի` ՙՓանահ խանի նախապապը` Փանահ-Ալի բեկը, ծագումով սարջալլու ցեղից է՚: Համաձայն Միրզա Ջամալ Ջևանշիրի` ՙՓանահ խանի տոհմը հին ժամանակներում Թուրքեստանից եկած բահմանլի ցեղի սարջալլու ճյուղից է՚: Իսկ Ահմեդբեկ Ջևանշիրը գրում է, որ Փանահը սերվել է ղարաբաղյան քոչվոր ցեղերից: Այսպիսով, Ղարաբաղի խանության երեք պատմագիրներն էլ միանշանակ Փանահ խանին քոչվորական ծագում են վերագրում:

Փանահի նախապապ Փանահ-Ալի բեկը նախապես ծառայել է Գանձակի Զիադօղլի խաների մոտ, այնուհետև` գաղթել է Ջևանշիրի գավառը, որտեղ և ամուսնացել է: Նրա որդի Ալիին դժգունության պատճառով Սարիջե Ալի էին անվանում: Ըստ Միրզա Ադիգյոզալբեկի` հարստության շնորհիվ նա իր շուրջն է հավաքում ծառաների և գործավորների մի մեծ բազմություն, և ջևանշիր ցեղի այդ քոչվորական խմբավորումը նրա անունով կոչվում է սարջալլու: Հետագայում դժգույն Ալիի ունեցվածքն անցնում է որդուն` Իբրահիմ Խալիլ աղային: Կարծում ենք, մահմեդական պատմագիրների` Փանահի նախնիների հայտնի և հարուստ լինելու պնդումներին մեծ վերապահումներով պետք է մոտենալ:

Նադիր շահը 1736 թ. Մուղանի կուռուլթայում (ավագանու ժողով) Իրանի գահին տիրանալուց հետո, իր գահակալմանը դեմ արտահայտված Գանձակի խանի իշխանությունը թուլացնելու նպատակով, նրան հպատակվող ջևանշիր, օթուզիքի և քյաբիրլու ցեղերին գաղթեցնում է Խորասան: Այդ ժամանակ է, որ Իբրահիմ Խալիլի ավագ որդի Ֆազլ Ալի բեկին տեսնում ենք Նադիր շահի մոտ որպես արքունի արարողապետի թաբին (ենթակա, ստորադաս) ծառայելիս:

Երբ թուրքերի դեմ մղված մարտերից մեկում Ֆազլ Ալի բեկը սպանվում է, շահի մոտ ծառայության է անցնում նրա կրտսեր եղբայրը` Փանահ Ալի բեկը: Վերջինիս բամբ ձայնը նրա համար ապահովում է շահի մունետիկի պաշտոնը: Նրան անվանում էին ՙջառչի՚ (մունետիկ) Փանահ: Նա քաղաքի փողոցներում բարձրաձայն հայտարարում էր շահի հրամանները: Սակայն, երբ մի անկարգության համար Փանահը դատապարտվում է գլխատման, նրան հաջողվում է փախչել արքունիքից և անցնել Ղարաբաղ: Միրզա Ջամալ Ջևանշիրը Փանահի փախուստը թվագրում է հիջրի 1150 (1737/38) թվականով: Նույն պատմագրի այն պնդումը, թե` ՙհատկապես մեծ սխրանքներ նա գործեց Նադիր շահի` Ռումի (Թուրքիայի – Ա. Մ.) զորքերի դեմ մղած կռիվներում՚, զուրկ են պատմական հիմքից, քանի որ շահի մոտ Փանահի ծառայության ընթացքում թուրքպարսկական 1730–1736 թթ. պատերազմն արդեն ավարտվել էր, իսկ 1743–1746 թթ. պատերազմը դեռևս չէր սկսվել: Ինչ վերաբերում է ադրբեջանցի վայպատմաբան Ֆ. Շուշինսկու այն պնդմանը, թե` ՙարքունի սպասավորներից ինչոր մեկը նախանձելով Փանահին` շշնջաց Նադիր շահին, իբր Փանահը մտադրվել է սպանել նրան և տիրանալ գահին՚, ապա այս դեպքում գործ ունենք ադրբեջանական պատմաշինարարությանը բնորոշ ծիծաղաշարժ հորինվածքի հետ` մղոններով հեռու պատմական իրականությունից:

Որոշ ժամանակ աստանդական կյանք վարելուց հետո Փանահը որպես դարուղա (հարկահավաք) ծառայության է անցնում Ջրաբերդի Մելիք- Ալլահղուլի սուլթանի մոտ: Հայ մելիքի հովանավորությունն ազատում է Փանահին շահի դահիճների ձեռքից: Փաստորեն, Ալլահղուլի սուլթանը իր ծոցում օձ ջերմացրեց, ապաստան ու մի աննշան պաշտոն տալով Նադիր շահի կողմից գլխատման դատապարտված փախստական մունետիկին, որը հետագայում իր զավակների հետ պատուհաս դարձավ և Ալլահղուլի սուլթանի, և Խամսայի մելիքությունների համար: Ինչպես կհամոզվենք ստորև, Փանահը ՙյուրովի՚ էր վարձահատույց լինելու Ջրաբերդի մելիքին իր կյանքը փրկելու համար:

1747 թ. հունիսին Խորասանում դավադրության զոհ է դառնում Նադիր շահը: Խորասանյան դավադրությունը գործունեության լայն ասպարեզ է բացում երբեմնի փախստականի համար: Այդ ժամանակ է, որ օգտվելով Իրանում ստեղծված քաոսային իրավիճակից Փանահի ցեղակիցները Խորասանից վերադառնում են Ջևանշիրի գավառը: Փանահը, թողնելով իր ծառայությունը, երիտասարդ ցեղակիցներից մի ավազակախումբ է կազմում և ՙզբաղվում ավազակությամբ Շիրվանի, Շաքիի, Գանձակի և Ղարաբաղի վիլայեթներում: Բոլոր այդ երիտասարդներին նա դարձնում է հարուստ և առանց որևէ մեկից կախման: Մնացած ժողովրդի սերը նա գրավում է անասուններ, ձիեր և նվերներ բաժանելով, իսկ որոշ անհնազանդների իրեն է ենթարկում պատիժների և սպանությունների ճանապարհով՚: Այսպիսով, որոշ ժամանակ անց մեծ ճանապարհների այս ավազակը դառնում է ցեղապետ:

Այդ շրջանում Իրանում գահ է բարձրանում Նադիր շահի եղբորորդի Ադիլ շահը, որն իշխել է 1747–1748 թթ.: Նա Ամիր Ասլան խանին նշանակում է Ատրպատականի կառավարիչ: Վերջինս, լսելով Փանահի մասին, հանդիպում է նրան և պահանջում հպատակվել Ադիլ շահին: Փանահն, այլ ելք չունենալով, նպատակահարմար է գտնում հնազանդվել, և Ամիր Ասլան խանի միջնորդությամբ, 1748 թ. կարողանում է Ադիլ շահից խանության ռաղամ (շահական հրովարտակ) կորզել: Ահա այսպես Նադիր շահի կողմից գլխատման դատապարտված քոչվոր ցեղապետը նրա եղբորորդի Ադիլ շահի կողմից բարձրացվեց խանի աստիճանի: Սակայն, պետք է նկատի ունենալ, որ Ղարաբաղի խանության հիմնադիր հորջորջվող Փանահը խանի տիտղոս ստանալու պահին դեռևս Խամսայում չէր գտնվում, այնտեղ ոչ մի իշխանություն չուներ: Այդ պահին Փանահի խանի տիտղոսը ձև էր առանց բովանդակության:

Իր նորահաստատ իշխանությունն ամրապնդելու նպատակով Փանահը որոշում է անցնել նստակեցության և 1748 թ. Քյաբիրլուի մահալում կառուցում է Բայաթ բերդը, որի տեղի ընտրության գործում կարևոր դեր էր խաղացել քյաբիրլուի ցեղապետի դստեր հետ Փանահի ամուսնությունը: ՙՔյաբիրլուն մեծ աջակցություն էր ցույց տալիս նրան,– գրում է Լեոն,– և նա արագ կերպով ավազակապետի դիրքից անցնում է տիրապետողի դիրքի, իրեն հպատակեցնելով Ղարաբաղի տափարակներում թափառող ցեղերը: Ինքն էլ մի թափառական` իշխանություն ձեռք բերելուց հետո նա հասկանում է նստակեցության անհրաժեշտությունը՚: Նստակյաց կյանքի անցնելու անհրաժեշտության գիտակցումը հեղաբեկում էր քոչվորական աշխարհընկալման մեջ:

Խամսայի մելիքները, զգալով իրենց մերձակայքում այս նոր ուժի երևան գալը, միանում են Շիրվանի կառավարիչ Հաջի Չելեբիի հետ և արշավում Բայաթի վրա: Փանահ խանն իր ցեղակիցներով ամրանում է Բայաթում և սկսում պաշտպանվել: Ամրոցի պաշարումը որևէ արդյունքի չի հանգեցնում և դաշնակիցները վերադառնում են իրենց տեղերը, անշո°ւշտ, հաջորդ տարի արշավանքը կրկնելու պայմանով: Նահանջի ճանապարհին Հաջի Չելեբին ասում է. ՙՓանահ խանը մինչև այժմ մի ոսկի էր առանց դրամի դրոշմի, մենք եկանք այն դրամ դարձրինք ու վերադարձանք՚: Այդ արտահայտությունը ժողովրդի մեջ վերածվում է առածի:

Փանահ խանն, իր հերթին, գալիս է այն եզրակացության, որ հարթավայրում գտնվող Բայաթ ամրոցը չի կարող հուսալի ապաստարան լինել թշնամիների հետագա արշավանքների դեպքում: Նման պայմաններում անգործությունը հավասարազոր էր կործանման: Եվ նա, առանց ժամանակ կորցնելու ՙիրեն հակառակ ցեղերի և հայ մելիքների դեմ հաջողությամբ կռվելու համար մի նոր բերդ հիմնեց Թարնակյուտ  անունով տեղում, Շահբուլաղ մեծ աղբյուրի վրա, որ համարյա Խաչենի սահմանագլուխն էր կազմում: Այդ նոր բերդի մեջ էլ նա շուկա ու մզկիթ կառուցեց և 1749 թվին հաստատվելով այնտեղ` սկսեց ընդհարումներ Ջրաբերդի և Գյուլիստանի մելիքների հետ, աշխատելով քանդել մելիքների միությունը՚: Բերդի տեղի ընտրության գործում կարևոր դեր է խաղացել նաև հորդառատ աղբյուրի առկայությունը, որի շնորհիվ լուծվել է ամրոցի ջրամատակարարման խնդիրը: Այդ աղբյուրի անունով էլ բերդը կոչվել է Շահբուլաղ:

Փանահի կողմից Բայաթի և Շահբուլաղի բերդերի կառուցումը ոչ թե շրջապատի թշնամիների ուշադրությունը շեղող հնարք էր կամ ՙփորձաշրջան՚ նրա համար, ինչպես սխալմամբ կարծում է քաղաքագետ Դ. Բաբայանը, այլ կոնկրետ իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն: Այդ ժամանակահատվածում թշնամիների ուշադրությունը (հայտնի չէ թե ինչից) շեղելուց առավել Փանահը սեփական անվտանգությունն ապահովելու խնդիր էր լուծում, և չէր էլ կարող ենթադրել, որ իրեն երբևէ բախտ կվիճակվի բնավորվել Արցախի սրտում:

Այդ առիթը ներկայացավ այն ժամանակ, երբ Վարանդայի Մելիք-Շահնազարը իր հետ թշնամացած Արցախի մյուս չորս մելիքությունների տիրակալներին դիմադրելու համար դաշնակցեց Փանահի հետ` նրան տրամադրելով իր մելիքության տարածքում գտնվող Շուշի բերդը: Այս կապակցությամբ ռուս նշանավոր զորավար Ա. Սուվորովը իրավացիորեն նկատել է. ՙԻր հայրենիքի այս դավաճանը կանչել է Փանահ խանին…, տվել նրա ձեռքը իր ամուր բերդը` Շուշի ղալան և սղնախով հանդերձ հպատակվել նրան՚:

Այդ պահի դրությամբ նորաստեղծ խանության կազմի մեջ էին մտնում Դաշտային Ղարաբաղի մի մասը և Շուշին: Սակայն,            Շուշին էր, որ կենսունակություն հաղորդեց տափարակներում անխուսափելի կործանման դատապարտված խանությանը` ձևը վերածելով բովանդակության:

X X X

Խամսայի մելիքները ստիպված էին նոր մարտահրավերների դիմակայելու Արցախում քոչվոր ջևանշիր ցեղի սարջալլու ճյուղի ցեղապետ Փանահի հայտնվելուց հետո: Հենց Փանահի ժամանակներից սկսվեց այլացեղ և այլակրոն էթնիկ տարրի ներթափանցումն Արցախ: ՙՂարաբաղի նորահաստատ խանության համար կարևոր քաղաքական հարց էր մահմեդական ազգաբնակություն կազմելը երկրի այն կողմերում, ուր չկար այնպիսի տարր, որը պիտի խանական իշխանության նեցուկը դառնար: Փանահ խանը, դավաճանությամբ սողոսկելով զուտ հայաբնակ Խամսայի երկրի սիրտը, շուտ զգաց, որ Շուշու ժայռերը դեռ բավարար հիմք չեն տիրապետություն հաստատելու համար,– իրավացիորեն նկատում է Լեոն,– և նա շտապեց թուրք թափառական ցեղեր գրավել դրսից` հարևան խանություններից, խոստանալով նրանց զանազան արտոնություններ: Այսպիսով, Վրաստանից և այլ տեղերից Ղարաբաղ փոխադրվեցին փյուսյան, կարաչարլի, ջինլի, դեմիրչիհասանլու, ղըզըլհաջիլի, սաֆիքյուրդ, բոյ ահմեդլի, սահաթլի, քենգերլու և այլ շատ թափառական ցեղեր: Հոր օրինակին հետևելով, Իբրահիմ խանն էլ ամեն ջանք գործ էր դնում` դրսից բերելու նոր մահմեդական տարրեր՚: Անվանի պատմաբանի բերած ցեղերի այս շարանին կարող ենք ավելացնել թուրքթաթարական քոչվոր ու կիսավայրենի այնպիսի ցեղախմբերի, ինչպիսիք են ջևանշիրցիները, սարջալլուները, օթուզիքիները, քյաբիրլուները, իգիրմիդորդները, քոլանիները և այլք, որոնց բնակեցումը Ղարաբաղի տարածքում իսկական չարիք դարձավ արցախահայության համար: Այդպիսով, Արցախում բնակվող միատարր ու միաձույլ հայության մեջ մտավ օտարասեռ էթնիկ տարրը, իր հետ բերելով մտքի և մշակույթի ահավոր հետամնացություն, ահռելի չափերի հասնող աղքատություն: Խաշնարած ցեղերի` Արցախ ներթափանցելուց հետո ընկած ողջ ժամանակաշրջանը հագեցած է եղել բնիկ հայերի և եկվոր էթնիկ տարրերի հակամարտությամբ: Բերված ցեղախմբերը, առաջին հերթին, Փանահ խանի համար հուսալի դաշնակիցներ էին Արցախի` իրեն չենթարկվող մելիքությունների դեմ պայքարի ժամանակ:

Նախ Փանահ խանը ուխտադրժորեն ձերբակալեց հայ մելիքների կողմից իր մոտ բանակցությունների եկած Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Ալլահղուլի սուլթանին և, Նախիջևանի կառավարիչ Հեյդար Ղուլի խանի դրդմամբ, հրամայեց գլխատել նրան: Փանահն այդպես էր վարձահատույց լինում իր կյանքը Նադիր շահի դահիճների ձեռքից փրկած Ջրաբերդի մելիքին: Արցախի հայերը դեռևս XIX դարում պահպանել էին հետևյալ տխուր երգը, որը ժողովրդական ավանդության համաձայն մահապատժից առաջ, Փանահ խանի զնդանում, հորինել էր Ալլահղուլի սուլթանը.

ՙՎարդապետին Քաջի ասեք գայ առ իս,

Կամ զինքն սպանցէ կամ փրկեսցէ զիս,

Եղբայրդ իմ Ադամ զվրէժն իմ հան,

Ափսո°ս, զի վրէժ իմ մնաց յաւիտեան՚:

Ալլահղուլի սուլթանին հաջորդել է եղբայրը` Մելիք-Ադամը (Հաթամ), որը ՙմանկության հասակից պատանդ էր եղել Դաղստանի Խոսրով սուլթանի մոտ և լավ վարժվել էր լեռնականների պատերազմական կարգերին: Նրան ազատել էր Նադիր շահը՚: Հնդկահայ ժամանակակիցները Մելիք-Ադամին ներկայացնում են այսպես. ՙՍա խորամիտ և քաղաքավարի մի մարդ է, պատերազմի մեջ` խիզախ՚, իսկ 1781 թ. կազմված ՙՊատմագիրք Սիւնեաց՚ ձեռագրի հիշատակարանում նա բնութագրվում է որպես ՙայր քաջասիրտ, և կարի ճարտարաբան. նաև` առատաձեռն ևս ըստ հոգեսէր ըղձից իւրոց` առ կարօտեալս և չքաւորեալս՚: Եվ հենց պատերազմների մեջ խիզախ այդ քաջասիրտ այրն էր, որ Խամսայի մելիքների դաշնակցությունում զբաղեցրեց եղբոր տեղը:

    Փանահի հաջորդ զոհը դարձավ Խաչեն գավառի տիրակալ Մելիք-Ալլահվերդի ՀասանՋալալյանը, որը դավադրաբար սպանվեց 1755 թվականին: Դրանով անդառնալի հարված էր հասցվում ՀասանՋալալյանների աշխարհիկ իշխանությանը: Այնուհետև, Մելիք-Ալլահվերդուն դավելու համար, Փանահ խանը Խաչենի մելիք է նշանակում Խնձրիստան գյուղի տանուտեր Միրզախան Մելիք-Միրզախանյանին: Այսպիսով, Արցախի հինգ մելիքություններից երկուսը` Վարանդան և Խաչենը, այլևս անվնաս էին Փանահի համար, իսկ Գյուլիստանի, Ջրաբերդի և Դիզակի մելիքությունների վրա նրա իշխանությունը չէր տարածվում:

Այդ դեպքերից հետո ՙանկաւ մեծ իմն հակառակութիւն ընդ Փանահ խանի Ջուանշիր գաւառին. այս ինչ հակառակութիւնն տևեալ մինչև ցեօթն ամ անընդհատ իմն շարունակութեամբ ընդ միմեանց պատերազմեալ յերկոցունց կողմանց եղեալ անթիւ արիւնհեղութիւն՚: Այդ ժամանակ Դիզակի Մելիք-Եսային առաջինն էր, որ գիտակցեց կանոնավոր զորախմբերի առկայության անհրաժեշտությունը: Նա, լինելով ՙհմուտ ամենայն հնարիցն մարտի` խրախոյս տայր և քաջալերէր, ուսուցանէր զամենայն հնարամարտութիւնս. աներկչոտ խրոխտաբար արձակելն ի վերայ մահազէն թշնամեաց` աներկիւղ իսկ նահատակիլն` քան վատ անուն ժառանգելով կեալն: Նաև մնալ միշտ պատրաստ ի լսել զձայն պատերազմի՚:

Բնավ էլ պատահական չէ, որ այդ գաղափարը ծնվել էր Դիզակի Մելիք-Եսայու մոտ: Կտրված իր երկու դաշնակիցներից` Գյուլիստանի Մելիք-Հովսեփից և Ջրաբերդի Մելիք-Ադամից, նա հարկադրված էր միայն սեփական ուժերին ապավինած պատերազմելու Փանահի և Վարանդայի տխրահռչակ տիրակալ Մելիք-Շահնազարի դեմ: Առանց կանոնավոր և մարտունակ զորաջոկատների առկայության նա, բնականաբար, ի վիճակի չէր լինի երկար դիմակայել խանական զորքերի հարձակումներին: Հայ պատմագիր Միրզա Յուսուֆ Ներսեսովը (Հովսեփ Ներսիսյանց) գրում է, որ ՙՓանահի խանության սկզբնական շրջանում Դիզակի Մելիք-Եսային, որը հայտնի էր իր քաջությամբ, նրա դեմ բազում կռիվներ է մղում: Որոշ ժամանակ (յոթ տարի – Ա. Մ.) նրանց միջև թեժ մարտեր էին տեղի ունենում: Եվ մի անգամ Մելիք-Եսային Փանահ խանի զորքը այնպես է ջախջախում ու ցաքուցրիվ անում, որ նա, Բայաթի կողմը փախչելով, մեկ ամիս անտառներում է անցկացնում` չհամարձակվելով այնտեղից դուրս գալ՚: Սակայն, նույն պատմագրի այն հաղորդումը, թե հետագայում Փանահը ՙնրան (Եսայուն – Ա. Մ.) նենգորեն կալանավորում է ու սպանում՚, չի համապատասխանում իրականությանը: Հայտնի է, որ Փանահի մահից հետո Մելիք-Եսային դեռ երկար շարունակում էր պայքարել նրա որդու` Իբրահիմ խանի դեմ: Վերջինիս կարգադրությամբ էլ դավադրաբար ՙի 1230 (1781) թուին Դողու Մալիք Սային սպանեցին՚: Այդ կապակցությամբ ռուս զորավար Ալ. Սուվորովը 1781ին իշխան Գ. Պոտյոմկինին ուղղած զեկույցում գրում է. ՙՇուշիի Իբրահիմ խանը չարություն գործադրելով` որոշ գումար է պահանջել Դիզակի Մելիք-Եսայուց և չարչարելով էլ սպանել նրան՚: Մելիք-Եսայու մահվան թվականը հաստատվում է նաև նրա տապանաքարի արձանագրությամբ. ՙԱյս է տապան մեծին Մէլիք Եկանի որդի Մէլիք Եսայուն, և էր սա իշխան կարգեալ Նատիր շահէն: ԼԳ (33) ամ տիրեաց երկիրս Դիզակու և արար բազում քաջութիւն և յաղթութիւն ընդ անօրէնսն. և էր ինքն պարթև և յոյժ զօրաւոր քան զառաջինսն իւր. և թիւ կենաց նորա ԿԱ (61) ամաց, վախճանեցաւ թվին ՌՄԼ (1781), հոկտեմբերի Բ (2)ին երեքշաբթի. որ ընթեռնուք, մեկ Հայր մեղայ ասացէք. ամէն՚:    

Փանահի դեմ հաջողությամբ մարտնչում էին նաև Մելիք-Եսայու դաշնակիցները` Գյուլիստանի Մելիք-Հովսեփը և Ջրաբերդի Մելիք-Ադամը: Նրանց ՙամրոցի (Ջրաբերդի – Ա. Մ.) անմատչելիության շնորհիվ Փանահ խանը չէր կարողանում հասնել իր նպատակինգրում է Միրզա Ադիգյոզալբեկըայլ լեռնափեշերին փռված ցանքերն էր իր զորքի ձիերի սմբակների տակ տալիս… Սակայն երկու մելիքները, չնայած անասելի զրկանքներին, չորս տարի շարունակ ցույց տվեցին անսասանության և համառության օրինակներ: Այդքան երկար ժամանակի ընթացքում նրանք չնահանջեցին սպանության և ավարառության ճանապարհից` դրսևորելով համառության և հանդգնության օրինակներ: Նրանք գլխավորում էին [այժմ] հանգուցյալ Փանահ խանի դեմ մարտի եկած շրջապատի խաների զինված ջոկատները և ոչ մի քայլ չէին նահանջում նրա դեմ սկսած պայքարից՚:

Հետագայում այդ մելիքները նահանջում և ամրանում են Գյուլիստանի բերդում: Այնտեղ Փանահի դեմ նրանց մղած հաղթական կռիվներից մեկի վերաբերյալ հետևյալ ուշագրավ տեղեկություններն է հաղորդում կապիտան Օթար Թումանովը 1754 թ. դեկտեմբերի 1ին Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային հղած զեկուցագրում. ՙՀայերը գտնվում էին Սղնախում` Գյուլիստանի բերդում: Նրանց գլխավորները Մելիք- Յուսուֆ (Հովսեփ – Ա. Մ.) և Մելիք- Աթամ են կոչվում: Սրանք մինչ 1500 [զինված] մարդ ունին: Այս հայերի վրա հարձակվել է Փանախանը, հայերը հաղթել են, Փանախանի մարդկանցից 300ի չափ սպանել են: Այս պատերազմը եղավ 1754 թվի օգոստոսի 26ին՚: Դիմադրությունը շարունակվել է նաև հաջորդ տարի, ինչպես տեղեկանում ենք Օթար Թումանովի 1755 թ. մարտի 21ի զեկուցագրից. ՙՍղնախի հայերը մեկուսացած են իրենց տեղում, ներկայումս Փանախանին և թուրքերին չեն ծառայում՚: Իսկ նույն թվականի նոյեմբերի 20ի զեկուցագրով Օթար Թումանովը հաղորդում է Ղզլարի պարետ Իվան ֆոն Ֆրաուենդորֆին. ՙՍղնախի հայոց Մելիք- Յուսուֆը այստեղ (Վրաստան – Ա. Մ.) թագավորների մոտ եկավ իր ընտանիքով` 60ի չափ մարդկանց ուղեկցությամբ: Սղնախը դատարկվել է: Իրոք հացի թանկություն է եղել այնտեղ… Գյուղացիռայաթը Փանախանին է մնացել: Մելիք- Ադամն իր ընտանիքը Գյանջա է ուղարկել, ինքը դեռևս իր բերդումն է գտնվում, սակայն ներկայումս ոչ մի տեղից օգնություն չի երևում՚: Այսպիսով, չդիմանալով Փանահի հարաճուն ճնշմանը, մելիքները իրենց զորքի և ժողովրդի մի մասի հետ հեռանում են իրենց տիրույթներից և ապաստանում Գանձակի Շահվերդի խանի մոտ, սպասելով հարմար առիթի` Փանահի դեմ իրենց գոտեմարտը շարունակելու համար: Յոթ տարի մելիքները մնում են Շամխորում:  

Լսելով Փանահ խանի հզորացման մասին, 1757 թ. մեծաքանակ զորքով Շուշիի վրա է արշավում Մազանդարանի կառավարիչ Մուհամմադ Հասան խան Ղաջարը` Իրանի ապագա շահ Աղա Մուհամմադ խանի հայրը: Նրա բանակը կանգ է առնում Շուշիի մերձակայքում գտնվող ԽաթունԱրխ վայրում: Սակայն, շուրջ մեկ ամիս տևած պաշարումը որևէ արդյունքի չի հանգեցնում, և Մուհամմադ Հասան խանը` լսելով Քերիմ խան Զենդի ուժեղացման ու դեպի Արաղ շարժվելու մասին, հապշտապ հետ է վերադառնում: Այս իրողությունն իր արտացոլումն է գտել նաև վրացական սկզբնաղբյուրներում, մասնավորապես` արքայազն Դավիթ Բագրատիոնի ՙՆոր պատմություն՚ երկում այդ արշավանքի մասին կարդում ենք. ՙ1757 թ. ՄահմադՀասան Ղաջարը… գրավեց Պարսկաստանի ավելի քան կեսը ու մոտեցավ Շուշուն: Իսկ երբ Շիրազում երևաց Քերիմխան Զենդը, այս ՄահմադՀասան Ղաջարը Շուշիից գնաց նրա դեմ՚: Շտապելու պատճառով նա ԽաթունԱրխում է թողնում անգամ Թեհրանից բերած երկու թնդանոթները: Փանահ խանը դրանք տանում է Շուշի, որի բերդապարիսպները քանդելու համար նախատեսված թնդանոթները սկսում են պաշտպանել քաղաքը:

Մուհամմադ Հասան խանի ձեռնունայն վերադարձից հետո 1761 թ. մեծաքանակ բանակով Ղարաբաղ է արշավում Ուրմիայի կառավարիչ Ֆաթալի խան Աֆշարը, որը Նադիր շահի առաջապահ զորագնդի հրամանատարն էր եղել: Նա, ինչպես կարդում ենք Սիմեոն կաթողիկոսի հիշատակարանում, ՙի ՌՄԺ (1761) ամի թուականութեանս մերում, ժողովեալ զբազում զօրս ի վերայ իւր, չոգաւ ի վերայ մեծ և անուանի դղեկին Շոշ կոչեցեալ ամրագունեղ բերդին` ածել զնա ի ձեռն, և զիշխօղն նորին զՓանահ խանն, որ ի Ջիւանշիր յազգէ՚: Ֆաթալի խանի բանակը կանգ է առնում Ասկերանի մոտ գտնվող մի դաշտում, որտեղ ամրություն է կառուցում և ձմեռում: Այդ ժամանակ, ընդհանուր թշնամու դեմ պայքարելու համար, ՙՋրաբերդի ու Թալիշի Մելիք- Աթամն ու Մելիք- Հովսեփը ևս Ֆաթալի խանի մոտ գալով` նրա զորքին են միանում: Նրա ամրության կողքին մեկ ուրիշն են կառուցում՚: Վեց ամիս այնտեղ մնալուց հետո կողմերը հաշտության բանակցություններ են սկսում, և ՙՓանահ խանն արտաքուստ հնազանդություն է հայտնում նրան ու պատանդ է տալիս իր որդի ԻբրահիմԽալիլ աղային՚: Այդպիսով, Փանահ խանն ընդունում է իր կախվածությունը Ֆաթալի խանից:

                Որդուն ազատելու նպատակով Փանահը դաշնակցում է հետզհետե հզորացող վեքիլ Քերիմ խան Զենդի հետ, որը Ֆաթալի խանի ոխերիմ թշնամին էր: Նրանց բանակը 1762 թ. Ուրմիայում պարտության է մատնում Ֆաթալի խանին: Ազատելով պատանդի կարգավիճակով Ուրմիայում գտնվող ԻբրահիմԽալիլ աղային` Քերիմ խան Զենդը 1762 թ. խանի տիտղոս է շնորհում նրան և ուղարկում Ղարաբաղ, իսկ Փանահ խանին իր հետ վերցնելով տանում է Շիրազ: Այնտեղ էլ 1762 թ. Փանահը մահանում է:       Թեև ըստ խանության պատմագիրների` Քերիմ խանը նրան Շիրազ էր տարել պատվելու նպատակով, սակայն ակնհայտորեն Փանահը նրա մոտ էր գտնվում պատանդի կարգավիճակով: Այս տեսակետի օգտին է վկայում այն փաստը, որ այդ ժամանակ Քերիմ խանը որպես պատանդ իր հետ Շիրազ է տանում նաև Ղարադաղի Քյազիմ խանին և Խոյի Շահբազ խան Դումբուլիին:

Այդ է պատճառը, որ նրանք քար լռություն են պահպանում Փանահի մահվան հանգամանքների վերաբերյալ: Սակայն, այդ բացը լրացնում են հայ հեղինակները, մասնավորապես` Ներսեսովն այդ մասին գրում է. ՙՓանահ խանը դիտմամբ մեռած է ձևացել, մերձավորներին նախօրոք պատվիրելով, որ իր ՙդին՚ Ղարաբաղ տանեն, որպեսզի այդպես Շիրազից դուրս գար, ճանապարհին ձի հեծներ և գնար Ղարաբաղ` ստանձնելու այնտեղի իշխանությունը: Քերիմ խանը այս հասկանալով ասում է. ՙՆա իմ լավ բարեկամն էր, պետք է նրա դիակը պատվով ու հարգանքով Ղարաբաղ ուղարկեմ՚: Հրամայում է նրա որովայնը պատռել, դեղերով լցնել, որից հետո միայն ճանապարհ է դնում Ղարաբաղ՚: Հիրավի, ճակատագիրը իրեն արժանի մահ էր նախապատրաստել ողջ կյանքը խարդավանքների մեջ անցկացրած այս մարդու համար. ավազակապետ դարձած երբեմնի մունետիկ, որին կյանքի ալիքները բարձրացրին խանի աստիճանի` այնտեղից որպես հասարակ մի խաբեբայի ցած գլորելու համար:

Կարևոր է նաև այն փաստը, որ Փանահն անգամ մի կտոր հող չուներ Խամսայի մելիքությունների տարածքում, որը որպես գերեզմանատեղ ծառայեր նրա համար: Այդ է պատճառը, որ հարազատները նրա դիակը տարան և թաղեցին Աղդամի մոտ գտնվող Իմարեթ վայրում:            

Ըստ էության, Փանահ խանին այդպես էլ չհաջողվեց իր իշխանությունը տարածել Դիզակի, Գյուլիստանի և Ջրաբերդի մելիքությունների վրա: Փանահի մահից հետո (1762) նրա որդին և հաջորդը` Իբրահիմ խանը (1762–1806), ստիպված էր դեռ երկար պայքար մղելու այդ ինքնիշխան հայկական մելիքությունների դեմ: Դեռ ավելին, նորահաստատ խանության դեմ այդ մելիքությունների չմարող պայքարը հաշվի առնելով է, որ 1780ական թվականներին ՙՌուսաստանում մտադրվել էին Արցախի հիման վրա վերականգնել հայոց պետականությունը` վերացնելով հայոց հողում հայ մելիքներից մեկի աջակցությամբ դրանից 30 տարի առաջ ստեղծված այսպես կոչված Ղարաբաղի խանությունը՚: Ղարաբաղի խաներին չհաջողվեց վերջնականապես ճնշել այստեղ մնացած մելիքների դիմադրությունը: Վեճերը նրանց միջև շարունակվեցին ընդհուպ մինչև 1813 թ., երբ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի պայմանագրի համաձայն Արցախն անցավ Ռուսաստանին, իսկ 1822 թ. Ղարաբաղի խանությունը վերացվեց:

 Ամփոփելով` նշենք, որ այնքան ժամանակ, քանի դեռ մելիքություններից մեկի տիրակալի սրտում բուն չէր դրել դավաճանության ախտը, ըստ էության ազատ էին նրանք և ինքնիշխան, իսկ երբ Վարանդայի Մելիք-Շահնազար Բի թողտվությամբ Արցախում հաստատվեց վաչկատուն սարջալլուների ցեղապետ Փանահ խանը, վերջինիս և նրա որդուն` Իբրահիմ խանին հաջողվեց զգալիորեն թուլացնել Արցախի մելիքությունները: Եվ միայն Արցախյան հերոսական ազատամարտի շնորհիվ հաջողվեց սրբագրել Մելիք-Շահնազարի թույլ տված շուրջ 240ամյա ճակատագրական սխալը:

Եվ, վերջապես, եթե այսօր ունենք ազատ և անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ապա այդ պետության կայացման ենթախորքում, անտարակույս, իրենց անուրանալի դերն ունեն նաև Արցախի հերոսական մելիքությունները, որոնց տիրակալներին հաջողվեց միջնադարյան դժնդակ պայմաններում պահպանել այդ երկրամասի հայեցի նկարագիրը:

 

SOURCES

armenian-history.com

 

BACK HOME UP

 

Reproduction in full or in part is prohibited
 

Copyright©2003-2008, Yerevan, Armenia

All rights reserved 

Smbat Minasyan : E-mail

Armenian Top Web Sites Statistics & Rating