Հեղինակ:
Սմբատ Մինասյան -
E-mail
Kars, (Կարս)
Ըստ մի շարք հայ պատմագիրների վկայությամբ Կարսի բերդը հիմնադրվել է դեռ
ուրարտական շրջանում:
Կարսը միջնադարյան Հայաստանի մինչեւ օրս պահպանված մայրաքաղաքներից է:
Այն գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին:
Կարսը գտնվում
է Այրարատ աշխարհի Վանանդ գավառում: Նրա
առաջին տերերը Վանանդի իշխաններն
են, որոնք հիշատակվում են IV
դարից: Քաղաքի պատմության վաղ շրջանի մասին տեղեկությունները քիչ են:
Միայն ստույգ գիտենք, որ այն հայոց պատմության մեջ հայտնի դարձավ ավելի
ուշ` IX դարից: IX դարի վերջից Կարսը
հիշատակվում է իբրեւ բերդաքաղաք, իսկ 928թ. դառնում է Հայաստանի
մայրաքաղաք:
Սակայն Բագրատունյաց նախորդ երկու մայրաքաղաքների` Բագարանի եւ
Երազգավորսի նման Կարսը եւս երկարատեւ չի մնում կենտրոնական
թագավորության մայրաքաղաք: 961թ. Աշոտ 3-րդը Բագրատունյաց թագավորության
մայրաքաղաք է հռչակում Անին, իսկ Կարսը մնում է որպես Բագրատունիների
կրտսեր ճյուղի Կարսի կամ Վանանդի ֆեոդալական փոքր թագավորության
մայրաքաղաք:
1053թ-ից Կարսը պարբերաբար ենթարկվում է Սելջուկների ասպատակություններին:
1064թ Կարսի վերջին հայ թագավոր Գագիկը, որպեսզի ապահովի Կարսը հետագա
Սելջուկյան արշավա
նքներից, զիջում է այն բյուզանդացիներին դրա դիմաց
ստանալով Կապադովկիայի Ծամնդավ քաղաքը: Շուտով Կարսը գրավում են Սելջուկ
թուրքերը: 1198-1236թթ հայազգի զորավարներ Զաքարե եւ Իվանե Զաքարյանները ազատագրեցին Կարսը եւ Հայաստանի մի հատվածը հիմնելով իրենց իշխանությունը:
XI-XIII դդ. Կարսի բնակչության թիվը
անցնում էր 50.000 մարդուց, իսկ դա այդ ժամանակաշրջանի քաղաքների
բնակչության համար շատ մեծ թիվ էր:
Մոնղոլները 1236թ. Հյուսիսային Հայաստանի մյուս քաղաքների հետ միասին
գրավում եւ ավերում են նաեւ Կարսը: 1394թ. Կարսը ավերվում է Լենկթեմուրի
հորդաների կողմից, իսկ հետագայում ձեռքից ձեռք է անցնում կարա-կոյունլու
ու ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի, ապա թուրքերի եւ պարսիկների
տիրապետության շրջանում:

1877-1878թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Կարս քաղաքը եւ նրա
շրջակայքը միացվեցին Ռուսաստանին: Ռուսական կայսրությանը նոր միացրած
տարածքներից կազմվեց Կարսի մարզը` Կարս, Օլթի, Արդահան եւ Կաղզվան
օկրուգներով: Մարզի կենտրոնը Կարսն էր:
Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Կարս քաղաքն ու մարզը, Բրեստի
1918թ. մարտի 3-ի պայմանագրով, նորից անցան Թուրքիային: Այստեղ հայ
բնակչության զգալի մասը զոհ գնաց կոտորածներին, իսկ մնացածը գաղթեցին
Արեւելյան Հայաստան եւ Հյուսիսային Կովկաս: 1919թ ապրիլին Կարս մտան
Հայաստանի Առաջին Հանրապետության զորքերը: Մեկ տարվա ընթացքում
հսկայական քանակության հայ գաղթականներ տեղափոխվեցին Կարս քաղաքը եւ
շրջակայքը: Սակայն 1920թ ամռանը երկրորդ թուրք-հայկական պատերազմի
ժամանակ քաղաքը գրավվեց թուրքական զորքերի կողմից եւ կրկին անգամ կազմակերպվեց
հայ բնակչության կոտորած:
Ներկայումս Կարսը Թուրքիայի կազմի մեջ է, փոքրիկ եւ անշուք քաղաք:
Անցյալի փառքից մնացել է միայն անունը: