Հեղինակ:
Սմբատ Մինասյան -
E-mail
Erazgavors, (Երազգավորս)
Կոչվել է նաեւ Շիրակավան: Գտնվում
էր այժմյան Բաշ-Շարագյալ գյուղի տեղում: Եղել է բերդ, ավան, գյուղաքաղաք,
քաղաք: Գտնվում էր Ախուրյան ու Կարս գետերի միացման անկյունում, Ախուրյան
գետի աջ ափին:
Հայ մատենագրության մեջ
Երազգավորսի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VII
դարին: Սմբատ I Բագրատունի թագավորը
(890-9140), որ հաջորդել էր Աշոտ I-ին,
արքայական աթոռը 890 թվականից տեղափոխել է այնտեղ: Երազգավորսը Սմբատ I ու
Աշոտ II-ի (914-928) օրոք եղել է Բագրատունիների թագավորության
մայրաքաղաքը: Սկզբում այն հայտնի էր Երազգավորս, իսկ հետագայում`
Շիրակավան անունով:
Երազգավորս-Շիրակավանի մասին վկայություններ ունեն
Սեբեոսը, Ստեփան Ասողիկը, Սամվել Անեցին եւ այլ մատենագիրներ:
Աշոտ 2-րդի եղբայր Աբասը (928-953) թագավորության
աթոռը Երազգավորսից տեղափոխեց Կարս:
Երազգավորսն ունեցել է իր բերդը, որը շրջափակված է
եղել պաշտպանական պարիսպներով:
Երազգավորսն Անիի հետ միասին սելջուկների կողմից
ենթարկվել էր ավերման: Այն վերականգնվել էր XII դարի
վերջերին եւ Զաքարյանների օրոք բավական առաջադիմել էր: Սակայն
XIII դարի երկրորդ կեսից
վերածվեց սովորական գյուղի, որը հետագայում անվանվել էր Բաշ-Շորագյալ:
Այդ գյուղը հայաբնակ էր եւ 1914թ նախօրեին ուներ 1220 բնակիչ: Սակայն
թուրքական կոտորածներից խուսափելու նպատակով գյուղի հայ բնակչությունը
գաղթեց Արեւելյան Հայաստան: