Author:
Smbat Minasyan -
E-mail
Bagaran, (Բագարան)
Հիշատակվում է նաեւ Ամուր,
Բագարան, Դիցավան անուններով եւ համապատասխանում է այժմյան Բաքրանին, որ
մի փոքրիկ գյուղ է, ծվարած Ախուրյան գետի աջ ափին:
Բագարան բերդաքաղաքը, որ հիշատակվում է նաեւ իբրեւ
ամրոց, ավան, բերդ, քաղաք, գտնվում էր Ախուրյանի եւ Արաքսի միախառնման
շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեհ գյուղից հարավ, իսկ պատմական
Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս:
Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է
Երվանդունիների վերջին թագավոր Երվանդ 4-րդը մ.թ.ա III
դարի սկզբներին եւ, նախկին մայրաքաղաք Արմավիրից այստեղ տեղափոխելով
կուռքերը, այն դարձրել էր Արարատյան թագավորության կրոնական գլխավոր
կենտրոնը: Երվանդունիների թագավորության անկումից հետո (II
դար) Բագարանը անշքանում է
եւ ավելի քան 1000 տարի մեր պատմության մեջ չի հիշատակվում: VIII
դարի վերջերին այ Արշարունիք ու Շիրակ գավառների հետ միասին դառնում է
Բագրատունի Աշոտ Մսակերի սեփականությունը, որն այն դարձնում է իր
աթոռանիստը: Սկսած այդ ժամանակներից, Բագարանը բավական բարգավաճում է, եւ
Բագրատունի առաջին թագավոր Աշոտ Ա-ն (885-890) այն դարձնում է նորահիմն
թագավորական մայրաքաղաքը: Աշոտ Ա-ին փոխարինած Սմբատ Ա-ն (890-914) լքում
է Բագարանը եւ իր համար աթոռանիստ ընտրում Երազգավորսը, որը այդ
ժամանակվա դրությամբ գտնվում էր Բագրատունիների թագավորության կենտրոնում
եւ ավելի անառիկ էր:
1045 թվականին Անիի թագավորության հետ միասին
Բագարանը եւս նվաճվում է Բյուզանդիայի կողմից, 1064թ թվականին այն
զավթում են սելջուկ թուրքերը: XII դարի սկզբներին Բագարանը գրավում են
Շահարմենները: Հյուսիսային Հայաստանի հետ միասին XIII
դարի սկզբներին (1211թ.) Բագարանը ազատագրվեց Զաքարյան հայ իշխանների
կողմից եւ սկսեց ծաղկել: 1236 Բագարանը գրավեցին մոնղոլ-թաթարները, իսկ
1394թ. այն ավերեց Լենկթեմուրը:
XX րդ դարի սկզբներին
պատմական Բագարան քաղաքի տեղում եղած Բագարան գյուղը ուներ շուրջ 350 հայ
բնակիչ: Առաջին աշխարհամարտի ընթացքում` Թուրքական կոտորածների
արդյունքում Բագարանում այլեւս հայ չմնաց: Ներկայումս Բագարան քաղաքի
տեղում Բաքրան անունով քրդական մի գյուղ կա: