Անի — Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը

Անի - Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը

Հայոց հին մայրաքաղաքներից ամենից սիրվածը թերեւս Անին է: Անին գտնվում է Ախուրյան գետի բարձրադիր ափին, երեք կողմերից խոր, ակոսված սարահարթակի վրա:

Անի քաղաքի տարածքը բնակեցված է  եղել հնագույն ժամանակներից: Այստեղ հայտնաբերվել են մեծ հնություն ունեցող կիկլոպյան կառույցների մնացորդներ, ինչպես եւ մ.թ.ա VIII-VII դդ.  դամբարանադաշտ:

Իբրեւ սովորական ամրոց, Անին հիշատակվում է V-րդ դարից: Այն Շիրակ գավառի հետ միասին պատկանում էր Կամսարական նախարարական տանը:  VIII դարի վերջին Շիրակն ու Անին անցնում են Բագրատունիներին:

Անիի ավերակներ
Անիի ավերակներ

Անիի զարգացումն ու ծաղկումը սկսվում է 961 թվականով, երբ այն Բագրատունի Աշոտ 3-րդը դարձնում է պետության մայրաքաղաք: Ընդամենը 40-50 տարվա ընթացքում հասարակ գյուղաքաղաքից Անին վերածվում է երկրի եւ Մերձավոր Արեւելքի խոշորագույն քաղաքներից մեկի: 961-1020 թվականների ընթացքում կառուցվում են քաղաքի Ներքին (կամ Աշոտյան) ու Արտաքին (կամ Սմբատյան) պարիսպները, Մայր տաճարը, Գագկաշեն ու Ապուղամրենց եւ այլ եկեղեցիներ, քարավանատներ ու հյուրանոցներ, արքունի պալատը, ժայռափոր կացարաններ, բնակելի շենքեր, բաղնիքներ եւ այլն: Անին տարածվում է նաեւ Արտաքին պարսպից դուրս փռված սարահարթի վրա: Բագրատունյաց թագավորության տնտեսական, քաղաքական ու մշակությային կյանքի բոլոր թելերը ձգվում էին դեպի Անի:

Բագրատունյաց Թագավորություն
Բագրատունյաց Թագավորություն

XI դարի առաջին քառորդի վերջերից Անի-Շիրակի թագավորության ներքին կյանքում ծայր են առնում երպառակտություններ: Տարոնի իշխանությունը (966թ.), Տայքի կյուրապաղատությունը (1000թ.) եւ Վասպուրականի թագավորությունը (1016թ.) գրաված Բյուզանդական  կայսրությունը ամեն կերպ ձգտում էր նվաճել նաեւ Բագրատունիների Շիրակի թագավորթյունը Անի մայրաքաղաքով: Դրա հետ միաժամանակ հասնունանում էր սելջուկյան արշավանքների վտանգը:

Անի քաղաքի զինանշանը
Անի քաղաքի զինանշանը

Բյուզանդական բանակը կազմակերպում է մի քանի արշավանքներ Անին գրավելու նպատակով, սակայն բոլորը պարտվում են: Միայն 1045թ. բյուզանդական զորքերին հաջողվում է գրավել Անին:

1064թ Անին գրավում և ավերում է սելջուկյան սուլթան Ալփ-Արսլանը:

1072թ. կիսավեր Անին վաճառվում է Դվինի էմիր Աբլ-Սվարին, որն իր հերթին այն հանձնում է Մանուչյան Էմիրներին:

1199թ Զաքարյան իշխանները Անին ազատագրում են օտար տիրապետությունից եւ իշխում այնտեղ մինչեւ Լենկթեմուրի արշավանքները:

Անին XI-XIII դարերում Արեւելքի խոշորագույն քաղաքների թվին էր պատկանում եւ ուներ շուրջ 100 հազար բնակիչ: Քաղաքական աննպաստ պահերին Անիում ապաստան էին գտնում շրջակա գյուղերի տասնյակ հազարավոր բնակիչներ:

Անիի կառուցվածքը

Անին իր կառուցվածքով նման էր միջնադարյան մյուս խոշոր քաղաքներին: Այն բաղկացած էր միջնաբերդից, բուն քաղաքից կամ շահաստանից եւ արվարձաններից: Միջնաբերդը գտնվում էր քաղաքի հարավարեւմտյան ծայրին եւ շահաստանից բաժանված էր հատուկ պարսպով: Միջնաբերդում էին գտնվում արքունի պալատը, եկեղեցիներ, արքունի բաղնիքը եւ այլ կառույցներ: Միջնաբերդից հյուսիս-արեւելք, ընդարձակ սարահարթի վրա, փռված էր բուն քաղաքը, որն նույնպես պատած էր պարսպով:

Անիում մի հատուկ ընդարձակ թաղամաս էր կազմում, այսպես կոչված <<Ստորգետնյա Անին>>` բնական եւ արհեստական հարյուրավոր քարանձավներից բաղկացած թաղամասը, որը գտնվում էր Ծաղկոցաձորի եւ Գայլաձորի ուղղությամբ: Միանգամայն հասկանալի է, որ այդ քարայրներն օգտագործվել են նաեւ պաշտպանական նպատակներով: Քաղաքն ունեցել է մի շարք դռներ` Դվինի դուռ, Կարնո դուռ եւ այլն:

1236 թվականին մոնղոլները  գրավեցին եւ ավերեցին Անին: Դրանից հետո Անիի բնակչությունը մեծ քանակությամբ արտագաղթեց: Այդ գործընթացը դեռ սկսվել էր սելջուկյան արշավանքների շրջանից:

XIV-րդ դարի վերջին հայկական թագավորության մայրաքաղաք Անին այլեւս գոյություն չուներ:  Նրա տեղում մնացել էր հայկական մի փոքրիկ գյուղ, որը հետագայում դարձավ թուրքաբնակ:

Անիի եկեղեցիները (1001 եկեղեցիների քաղաք)

Անիում կային տասնյակ եկեղեցիներ: Ավանդությունը դրանց թիվը հասցնում է նույնիսկ 1001-ի: Եկեղեցիներ ու մատուռներ կային եւ´ բուն քաղաքում ու նրա արվարձաններում եւ´ պաշպանական պարիսպների աշտարակներում, եւ <<Ստորգետնյա Անիում>>:

Անիի մայր տաճար
Անիի մայր տաճար

Անիի եկեղեցիների թագուհին Մայր տաճարն էր, որը մասնագետներից և ճանապարհորդներից շատերը համարել են Կովկասի ճարտարապետության զարդը: Այդ եկեղեցին նվիրված էր Աստվածածնին: Շինարարությունը սկսվել է Սմբատ 2-րդ օրոք` 989 թվականին եւ ավարտվել Գագիկ 1-ինի օրոք` նրա կնոջ` Կատրամիդե թագուհու հոգացողությամբ 1001 թվականին: Ճարտարապետը Տրդատն էր, որը վերակառուցել էր Կոստանդնոպոլսի ս. Սոֆիա տաճարի գմբեթը:

Առաքելոց եկեղեցին, որը հիմնադրվել է 1004 թվականին համարվում է Անիի ամենահայտնի կոթողներից մեկը:

Անիում հայտնաբերված եկեղեցիներից հնագույնը պալատական եկեղեցին է, որը կառուցվել է VII դարում:

Մայր եկեղեցու շինարարությունն ավարտելուց անմիջապես հետո, Գագիկ 1-ինը 1001 թվականին սկսում է մի այլ հայտնի եկեղեցու` ս. Գրիգորի (որը կոչվում է նաեւ Գագկաշեն) կառուցումը: Այն ավարտվել է 1010 թվականին:

Հայտնի է նաեւ ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կառուցել է Տիգրան Հոնենցը 1215 թվականին:

Բացի հայկական եկեղեցիներից Անիում կային նաեւ մի քանի վրացական եւ բյուզանդական եկեղեցիներ: Անիում կառուցվել են նաեւ մի քանի մզկիթներ, որոնցից հայտնին Մանուչեի մզկիթն էր:

Անիի արքունի պալատը եւ պաշտպանողական պարիսպները

Արքունի պալատը

Անիի քաղաքացիական շենքերից կարեւորագույնը արքունի պալատն էր, որն գտնվում էր միջնաբերդում, կառուցվել էր Բագրատունիների թագավորության շրջանում: Արքունի պալատի ավերակները շատ վատ են պահպանվել: Եղած մնացորդներն էլ թաղված էին հողի հաստ շերտի տակ եւ ի հայտ են բերվել ակադեմիկոս Ն. Մառի ղեկավարած պեղումների ժամանակ` 1907 եւ 1908 թվականներին: Զաքարյանների իշխանության օրոք Անիում կառուցվել էին նաեւ իշխանական պալատներ:

Անիի պարիսպները
Անիի պարիսպները

Պարիսպները

Անիի ավերակների ձեւով մեզ հասած պաշտպանական պարիսպները վերաբերվում են Բագրատունիների թագավորության շրջանին: Քաղաքը պատած էր կրկնակի պարիսպներով, որոնցից առաջինը կառուցել էր Աշոտ 3-րդը 963-964 թվականներին եւ կոչվում էր Ներքին, Փոքր կամ <<Աշոտաշեն>> պարիսպ: Արտաքին, Մեծ կամ <<Սմբատյան>> պարիսպները կառուցվել են Սմբատ 2-րդի օրոք: Դրա շինարարությունը տեւել է 8 տարի եւ ավարտվել 989 թվականին: <<Սմբատյան>> պարիսպի երկարությունը 2,5 կմ էր, բարձրությունը` 8-10 մ: Արտաքին պարսպի արտաքին կողմով, դրան զուգահեռ ձգվում էր ավելի քան 500 մ երկարությամբ բավական խոր խրամը:

Անի մայրաքաղաքի պարիսպների ավերակներ
Անի մայրաքաղաքի պարիսպների ավերակներ

Հայտնի են նաեւ Անիի կամուրջները, որոնք հիմնականում կառուցվել էին X-XI դարերում:

Ներկայումս հայերը իրենց սահմանից տեսնում են Անիի ավերակները: Թուրքական կառավարությունը,  ֆինանսական շահից դրդված, Անիին դարձրել է սբոսաշրջության վայր:

Թուրքիան Անիում ամեն ջանք գործադրում է վերացնելու համար ցանկացած փաստ, որը կառնչվեր Հայաստանի կամ հայերի հետ: Ոչնչացվում են խաչքարերը, հայկական գրությունները եւ այլն:

Հայոց պամտության էջ — Անի

Important — Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com