Armenian-History.com
All about Armenians and Armenian History

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ. ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

|
Written by Smbat Minasyan
Hits: 1185

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ         ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

 

3.1 Իրադրությունը Հյուսիսային Կովկասի հայկական գաղթավայրերում խորհրդային իշխանության առաջին ամիսներին

 

1920թ. մարտ-ապրիլ ամիսներին Հյուսիսային Կովկասում վերջնականապես հաստատվեցին խորհրդային կարգեր: Նոր իշխանությունը Ստավրոպոլում, Եկատերինոդարում, Նովոռոսիյսկում, Վլադիկավկազում և Հյուսիսային Կովկասի այլ հայաշատ քաղաքներում իրենց աշխատանքը շարունակող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներակայացուցիչների տեղակալներին և հյուպատոսներին լավ ընդունեց, և ճանաչեց նրանց ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հպատակների իրավունքները[1]: Օրինակ, Նովոռոսիյսկի հյուպատոսարանի դիմումից հետո տեղի իշխանությունները ազատեցին և հայերին վերադարձրեցին զինվորների կողմից բռնագրավված բնակարանները[2]: Խորհրդային իշխանությունը անբարյացակամ վերաբերմունք դրսևորեց միայն ոչ խորհրդային պետական կազմավորումներում ծառայած և գերության մեջ հայտնված հայ ռազմիկների նկատմամբ, որոնց ուղարկեց համակենտրոնացման ճամբարներ[3]:

Հյուսիսային Կովկասում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական կառույցների նկատմամբ դրական վերաբերմունքը փոխվեց, երբ երկրամաս հասան Մոսկվայի խորհրդային կենտրոնական իշխանության հրահանգները:

1920թ. ապրիլին Մոսկվայից եկած կարգադրության համաձայն Հյուսիսային Կովկասի տեղական խորհրդային իշխանությունները ձերբակալեցին և Մոսկվա ուղարկեցին Նովոռոսիյսկի հյուպատոս Ա. Տոնյանին, Եկատերինոդարի հյուպատոս և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչի տեղակալ Բախչիսարայցևին և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչի տեղակալ Ս. Չալխուշյանին[4]: Դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսարանները փակվեցին[5]: Ձերբակալվեցին ոչ միայն հայ, այլ նաև օտար պետությունների հյուպատոսները: 1920թ. մայիսի սկզբին հայերի հետ Մոսկվա ուղարկվեցին Նովոռոսիյսկում և Եկատերինոդարում ձերբակալված անգլիական, ֆրանսիական, լատվիական, դանիական, հունական, լեհական հյուպատոսները և նրանց օգնականները[6]: Գրեթե մեկամսյա բանտարկությունից հետո խորհրդային իշխանությունը հայտնեց, որ հայ և այլազգի հյուպատոսների մեծ մասի ձերբակալությունը տեղական իշխանությունների թյուրիմացության արդյունք է[7]: Այդ ձերբակալությունների դրդապատճառը 1920թ. ապրիլի 25-ին սկսված լեհ-ռուսական պատերազմն էր: Հայ հյուպատոսները, ինչպես և մնացած բանտարկյալները, բացի լեհերից, մայիսի վերջին ազատ արձակվեցին[8]:

Մոսկվայում հայ հյուպատոսներին աջակցեցին Չիչերինի օգնական Կարախանը և այդ օրերին քաղաքում գտնվող Լևոն Շանթի գլխավորած հայկական պատվիրակության անդամները: Եթե Ս. Չալխուշյանը և Բախչիսարայցևը ազատվելուց հետո հեշտությամբ հեռացան Մոսվկայից, ապա Ա. Տոնյանը խորհրդային իշխանության հարուցած արգելքների հետևանքով բավական երկար ժամանակ մնաց քաղաքում: Խորհրդային իշխանության նման վերաբերմունքը Ա. Տոնյանը իր հուշերում հիմնավորում էր իր` նախկինում ցարական բանակի սպա լինելով, որի հետևանքով նրան արգելում էին հեռանալ Ռուսաստանի հարավ, որտեղ շարունակվում էին քաղաքացիական կռիվները: Կարախանի և հայկական պատվիրակության անդամների ջանքերով Ա.Տոնյանը խորհրդային իշխանությանը ներկայացվեց որպես Հյուսիսային Կովկասում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս և կարողացավ ստանալ Մոսկվայից դուրս գալու համար անհրաժեշտ թույլտվություն[9]:

Խորհրդային իշխանության ուշադրությունից չվրիպեց Վլադիկավկազի հյուպատոսարանը: 1920թ. ապրիլին Հյուսիսային Կովկասի հեղկոմի նախագահ Ս. Օրջոնիկիձեն, որը միաժամանակ խորհրդային իշխանության ներկայացուցիչն էր երկրամասում, ժամանեց Վլադիկավկազ[10]: Քաղաքում գործող զանազան պետությունների հյուպատոսները (պարսկական, լեհական, սերբական, հոլանդական, վրացական և հայկական) պարսկական հյուպատոսի միջոցով, որը ավագն էր, դիմեցին Օրջոնիկիձեին` իրենց ընդունելու խնդրանքով: Հանդիպման ժամանակ Օրջոնիկիձեն պարսկական հյուպատոսին հայտնեց, որ նրանից բացի ուրիշ ներկայացուցչի չի ճանաչում, քանի որ այն պետությունները, որոնց նրանք ներկայացնում էին, Ռուսաստանի հետ համաձայնության չեն եկել: Չնայած վերը ասվածին` Օրջոնիկիձեն ցանկացավ հանդիպել հայկական հյուպատոսի հետ[11]:

Հ. Սառիկյանի և Ս. Օրջոնիկիձեի հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 8-ին,[12] որին, իմիջիայլոց, մասնակցում էր Ս. Տեր-Գաբրիելյանը[13]: Օրջոնիկիձեն զրույցի ժամանակ Հ. Սառիկյանին հայտնեց, որ խորհրդային իշխանությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն ավելացրեց, որ մինչև հայ-ռուսական հարաբերությունները չկարգավորվեն Ռուսաստանի տարածքում գործող Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների լիազորությունները չեն ճանաչվի: Հ. Սառիկյանի այն հարցին, թե կարող է արդյոք Օրջոնիկիձեի ասածները հաղորդել Հայաստանի կառավարությանը իբրև խորհրդային իշխանության պաշտոնական տեսակետ, վերջինս պատասխանեց. «Ես` իբրև Խորհրդային Ռուսաստանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչ, խնդրում եմ Ձեզ հայտնել Ձեր կառավարությանը, որ նա անմիջապես բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ` հաշտություն կնքելու և փոխհարաբերությունները որոշելու, իսկ մինչ այդ պիտի դադարեցնեք Ձեր ֆունկցիաները (հյուպատոսի - Ս.Մ.)»[14]: Հ. Սառիկյանը խորհրդային իշխանության տրամադրած զինվորական ուղիղ հեռախոսագծով անմիջապես կապվեց Թիֆլիսի հետ` նպատակ ունենալով Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը հաղորդել Օրջոնիկիձեի հետ ունեցած հանդիպման արդյունքները: Խոսակցությունը ընթանում էր վրացի պաշտոնյայի միջոցով: Երբ Հ.Սառիկյանը հասավ այն մասին, թե Օրջոնիկիձեն առաջարկում է Հայաստանին բանակցության մեջ մտնել Ռուսաստանի հետ, խոսակցությունը վրաց պաշտոնյայի կողմից ընդհատվեց և, չնայած Հ.Սառիկյանի բազմաթիվ փորձերին, այլևս չվերականգնվեց[15]: Վերը ասվածից երե-վում է, որ վրաց իշխանություններին ձեռնտու չէր հայ-ռուսական բարեկամական հարաբերություններ հաստատելու հեռանկարը:

Հեռախոսագծով անհաջողության հանդիպելուց հետո Հ. Սառիկյանը խորհրդային իշխանությունից ավտոմեքենա ստանալով` մեկնեց Թիֆլիս, ապա ապրիլի 25-ին հասավ Երևան և Հայաստանի իշխանություններին ներկայացրեց Օրջոնիկիձեի հետ ունեցած խոսակցության արդյունքները: Փաստորեն Հ.Սառիկյանի ջանքերի շնորհիվ Հայաստանի կառավարությունը հնարավորություն ստացավ ժամանակին տեղեկանալ Խորհրդային Ռուսաստանի առաջարկության մասին[16]: Մայիսի 7-ին Հ.Սառիկյանը արդեն վերադարձել էր Վլադիկավկազ[17]: Չնայած հյուպատոսարանը ապրիլի 9-ից փաստացիորեն փակվել էր, սակայն իրականում շարունակում էր գործել, իսկ հունիսի 12-ին, Հ.Սառիկյանի հավաստմամբ, պաշտոնապես վերաբացվեց[18]: Հայաստանի Հանրապետությունից վերադառնալուց հետո Հ.Սառիկյանը իր նամակներում և զեկույցներում ներկայանում էր արդեն ոչ թե Վլադիկավկազի հյուպատոս, այլ Թերեքի շրջանի Հայաստանի Հանրապետության հյուպատոս: Ամենայն հավանականությամբ Հայաստանում եղած ժամանակ Հայաստանի կառավարությունը Հ.Սառիկյանին նշանակել էր վերոհիշյալ շրջանի գլխավոր հյուպատոս:

Հ. Սառիկյանը Վլադիկավկազ վերադարձավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հ. Օհանջանյանի ապրիլի 29-ի կարգադրությամբ, որտեղ նախարարը նրան հանձնարարել էր պարզել Թերեքի շրջանի Հայաստանի Հանրապետության հյուպատոսների դրությունը, մասնավորապես իմանալ արդյոք այդ շրջանների հայ համայնքները պատրա՞ստ են հոգալ հայկական հյուպատոսարանի ծախսերը. հակառակ դեպքում նախարարը լիազորել էր Հ. Սառիկյանին վերացնել հյուպատոսարանները և նշանակել հյուպատոսի պաշտոնակատարներ, որոնք ստանձնելու էին հայկական շահերի պաշտպանությունը տեղական համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանք ենթարկվելու էին Հ. Սառիկյանին[19]: 1920թ. հունիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հանձնարարությունը կատարելու նպատակով Թերեքի հյուպատոսը հեռագրով և փոստով կապվեց ոչ միայն Թերեքի, այլև Հյուսիսային Կովկասի այլ շրջաններում իրենց գործունեությունը շարունակող Հայաստանի Հանրապետության հյուպատոսների և լիազորների հետ: Զանազան շրջաններից ստացված տեղեկությունների շնորհիվ Հ.Սառիկյանին հաջողվեց պարզել Հյուսիսային Կովկասում ապաստանած գաղթականության մոտավոր թիվը:

 

Աղյուսակ N 3

Քաղաքներ և շրջաններ

Գաղթականների թիվը

Խնամք

Նովոռոսիյսկ

5.000

Նրանց 1/10 մասը չքավոր են

Եկատերինոդար

10.000

Մոտ կեսը կարիքավոր են, գործում է որբանոց` 170 որբով

Ռոմանովսկ կամ Կավկազսկայա

6.000, որից 4.000 տաճկահայ, այդ թվում` 1.800 սասունցի

Գործում է որբանոց` 27 որբով

N 3 աղյուսակի շարունակությունը

Արմավիր

12.000 գաղթական, որից 8.000-ը տաճկահայ

Գործում է որբանոց` 50 որբով

Ստավրոպոլ

300 հոգի

Գտնվում են հյուպատոսի խնամքի տակ: Այդ գաղթականներից 100-ին նյութական օգնություն է տրվում

Սուրբ խաչի շրջան

6.000 հոգի, որից 700-ը կաղզվանցի

-

Հանքային ջրերի և Գեորգիևսկի շրջան

5.000

Գործում է որբանոց` 30 որբերով

Վլադիկավկազ

1.200 հոգի, որից 500-ը արդեն ուղարկված են

220 հոգուն հաց է բաժանվում

Մոզդոկի շրջան

300

 -

Գրոզնիի և Ղզլարի շրջաններ

Հ. Սառիկյանին չի հաջողվել տեղեկություններ գտնել, սակայն նա փաստում է, որ այս շրջանների գաղթականները մեծ մասամբ Շամախիից, Շուշիից և Բաքվից են և օգնության կարիք չունեն

Ընդամենը

45.800

 -

 

Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների թիվը 1920թ. մայիս-հունիս ամիսներին

 

Այսպիսով, մայիս-հունիս ամիսներին Հ.Սառիկյանի հավաստմամբ Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների թիվը մոտ 45.800 էր: Հյուսիսային Կովկասից բացի Հ.Սառիկյանին հաջողվել է նաև տեղեկություններ ստանալ Դոնի շրջանի մոտ 15.000 գաղթականի վերաբերյալ[20]:

Աղյուսակում հիմնականում ներկայացված է Հյուսիսային Կովկասի խոշոր քաղաքներում ապաստանած հայ գաղթականների թիվը, մինչդեռ հազարավոր գաղթականներ ապրում էին երկրամասի գյուղերում և կազակների ստանիցաներում: Հ.Սառիկյանին չի հաջողվել տեղեկություններ ստանալ Գրոզնիի հայ գաղթականների թվաքանակի վերաբերյալ: Հայտնի է, որ Առաջին աշխարհամարտի նախօրեին Գրոզնիում բնակվում էր 1.400 հայ[21], իսկ 1920թ. նրանց թիվը հասել էր 5.000-ի[22]: Այսինքն 1914-1920 թթ. ընթացքում Գրոզնիի հայերի թիվը 3600 հոգով ավելացել էր: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1915-1917 թթ. ընթացքում Հյուսիսային Կովկաս եկած հայ գաղթականները հիմնականում ապաստանել են Կուբանում, կարծում ենք, որ 3.600 հոգին Գրոզնի են եկել 1918թ-ից հետո: Փաստորեն, եթե Հ. Սառիկյանի հաշվարկին գումարենք միայն Գրոզնիի գաղթականների թիվը, ապա կստացվի, որ 1920թ. մայիս-հունիս ամիսներին Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների թվաքանակը առնվազն 49.400 էր: Ռուսաստանում գաղթականների հարցերի լիազոր Պ. Հովհաննիսյանը սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարին ուղղված նամակում նշում է, որ Հյուսիսային Կովկասում հայ գաղթականների թիվը 1920թ. օգոստոսին անցկացված հաշվառման արդյունքում հասնում էր մինչև 90 հազարի[23]: Կարծում ենք, որ Պ. Հովհաննիսյանը որպես աղբյուր օգտագործել է 1920թ. օգոստոսի 28-ին Ռուսաստանում անցկացված Համառուսական ժողովրդագրական մարդահամարի տվյալները, ըստ որի Հյուսիսային Կովկասի (Կուբան-Չեռնոմորիե նահանգ, Թերեք, Ստավրոպոլ) հայությունը 86.636 էր[24]: Այսինքն Պ. Հովհաննիսյանը Հյուսիսային Կովկասի գաղթականների անվան տակ նկատի է ունեցել նաև հնաբնակ հայերին: Ակնհայտ է, որ վերոհիշյալ մարդահամարի տվյալները չեն արտացոլել 1920թ. կեսերին երկրամասի հայության իրական թիվը:

Հյուսիսային Կովկասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հայ գաղթականների դրությունը ծանրացավ: Դրա հիմնական պատճառներից մեկը այն էր, որ Խորհրդային Ռուսաստանում մասնավոր առևտուրը` իր բոլոր ձևերով, չէր խրախուսվում և ավելին, հետապնդվում էր, նույնիսկ օրավարձով աշխատող բանվորները չէին կարող առանց այս կամ այն միությանը անդամագրվելու աշխատանք գտնել: Այս պարագայում ոչ խորհրդային պետական կազմավորումների իշխանության օրոք իր գլուխը այդ զբաղմունքներով պահող գաղթականությունը հայտնվեց անգործության մեջ[25]:

Խորհրդային իշխանության օրոք Հյուսիսային Կովկասի հայությունը հարկադրված էր մասնակցել առանց վարձատրության պարտադիր աշխատանքների[26], ինչը նրանց շրջանում դժգոհություն էր առաջացնում: Հյուսիսային Կովկասի հայ գաղթականության դրությունը բարդանում էր նաև տեղի բնակչության անբարյացակամ վերաբերմունքի հետևանքով, որի դրդապատճառները հիմնականում տնտեսական էին[27]: Երկրամասի տեղացի բնակչությունը հայ գաղթականությանը մեղադրում էր չարաշահումների, թանկության և մթերքների պակասի մեջ[28]: Կուբանում տեղացի բնակչության`հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունքը բնութագրելու համար բավական է նշել այդ օրերին մամուլում, հասարակական վայրերում, վագոնների վրա գրված հետևյալ արտահայտությունը. “Վայ Ռուսաստանում հրեաներին, իսկ Կուբանում` հայերին”[29]: Խորհրդային իշխանությունն էլ, ելնելով Հյուսիսային Կովկասի տեղացի բնակչության` գաղթականության հանդեպ թշնամանքից և երկրամասում ստեղծված պարենային ծանր կացությունից, ցանկանում էր ազատվել գաղթականներից[30]:

Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների դրությունը ավելի ծանրացավ, երբ Մոսկվայից Հյուսիսային Կովկաս եկած հայ բոլշևիկների գործունեության հետևանքով հունիսի վերջին փակվեցին երկրամասում իրենց գործունեությունը շարունակող Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանների և գաղթականական հարցերով զբաղվող ազգային կազմակերպությունների մեծ մասը: Այսպես, 1920թ. հունիսի 19-ին և 26-ին փակվեցին Ստավրոպոլի և Արմավիրի հյուպատոսարանները և գաղթականական հարցերով զբաղվող հայկական կազմակերպությունները, իսկ հյուպատոսները և այդ մարմինների ղեկավարներն ու աշխատակիցները ձերբակալվեցին[31]: Նույն ժամանակահատվածում փակվեցին նաև Հանքային ջրերի (Միներալնիե Վոդի) հյուպատոսարանը և Գրոզնիի փոխհյուպատոսարանը[32]: Այդ ճակատագրին արժանացան Եկատերինոդարի, Նովոռոսիյսկի և այլ շրջաններում գործող հայկական ազգային կազմակերպությունները: Դրանց փոխարեն բացվեցին Հայկական գործերի կոմիսարիատի բաժանմունքները, որոնց տնօրինության տակ անցավ լուծարված կազմակերպությունների գույքը և գումարը[33]: Երկրամասի որոշ շրջաններում հայ գործիչների ձերբակալությունը առաջացրեց հնաբնակ և գաղթական հայերի դժգոհությունը, որոնք փորձեցին ազատել ձերբակալվածներին: Այդ ուղղությամբ առավել ակտիվ գործունեություն ծավալեց Ստավրոպոլի հայկական հյուպատոսի պաշտոնակատար Համազասպ Տիկիջիևը[34], որի լիազորությունները հունիսի 21-ին ճանաչեց տեղի խորհրդային իշխանությունը[35]: 1920թ. հունիսի 25-ին Հ. Տիկիջիևին հաջողվեց վերաբացել Ստավրոպոլի հյուպատոսարանը, 29-ին` գրասենյակը, իսկ հուլիսի 2-ին ազատել հյուպատոսարանի գաղթականական բաժնի հաշվապահ Մուրադյանին[36]: Քանի որ Ստավրոպոլի հյուպատոս Ա.Քալանթարին ուղարկել էին Մոսկվա, Հ. Տիկիջիևը չկարողացավ նրան օգնել, սակայն սուրհանդակի միջոցով Հայաստանի կառավարությանը տեղեկացրեց Ստավրոպոլի դեպքերի մասին` խնդրելով աջակցել Ա. Քալանթարին` մատնանշելով, որ դա հնարավոր է միայն Ստավրոպոլի հյուպատոսին իր պաշտոնից ետ կանչելու միջոցով[37]: Երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ստացավ Հ. Տիկիջիևի նամակը, օգոստոսի 14-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչին հրահանգեց Վրաստանում Խորհրդային Ռուսաստանի կառավարության ներկայացուցչին Հայաստանի կառավարության անունից Հ. Քալանթարին ետ կանչելու վերաբերյալ դիմում ուղարկել[38]:Խորհրդային Ռուսաստանում ժամանակավոր դիվանագիտական ներկայացուցիչ Ե. Եղիազարյանը Մոսկվայից սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ուղարկած զեկույցում նշում է, որ Ստավրոպոլի հյուպատոս Ա. Քալանթարը և Գրոզնիի հյուպատոս Սարուխանյանը իրենց պահանջով ազատվել են[39]:

Հյուսիսային Կովկասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հայ բոլշևիկները և նրանց կողմից ստեղծված կառույցները երկրամասի հնաբնակ և գաղթական հայության շրջանում խորհրդային գաղափարներ տարածելու և Դաշնակցությանը վարկաբեկելու նպատակով ակտիվ քարոզչություն սկսեցին: Այդ նպատակին ծառայեցվեցին երկրամասում վերաբացված հայկական թերթերը[40] («Բանվորի ձայն», «Բանվորի կարիք»` Արմավիրում, «Կարմիր աստղ»` Եկատերինոդարում (Կրասնոդարում*) և այլն[41]): Օրինակ, «Կարմիր աստղ» թերթը հրատարակվել է 1920-1921թթ. Կրասնոդարում, շաբաթը երեք անգամ, երեք հազար օրինակով: Այնտեղ աշխատում էին Վ. Մալունցյանը, Ա. Բաբասյանը, Գ. Փոթոդջյանը և այլոք: Նրանց նպատակն էր Կուբանի և Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների համախմբումը և նրանց մեջ խորհրդային գաղափարների տարածումը[42]:

Հյուսիսային Կովկասի հայ բոլշևիկները ջանքեր էին գործադրում հայ գաղթականներից զինվորական խմբեր կազմակերպելու և Հայաստան ուղարկելու ուղղությամբ. Իհարկե, ոչ թե հայկական բանակին օգնելու, այլ նրա դեմ պայքարելու նպատակով: Նրանց գործունեության մասին 1920թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարին ուղղված զեկույցում Հ. Սառիկյանը գրում է. «Սրանց (հայ բոլշևիկների - Ս.Մ.) ջանքերը – հայ գաղթականներից զինված խմբեր կազմակերպել և ուղարկել Հայաստան, դեռ կատարեալ անյաջողութեան են հանդիպում. Միայն ղարաբաղցիներից է յաջողվել մի քանի հարիուրեակներ կազմել. այն էլ մասնակցողներից մեծամասնութեան նպատակն է եղել այդ ձևով տուն – Ղարաբաղ հասնել, ուրիշ ոչինչ: Սակայն աշխատողների եռանդը չի պակասում, և եթէ չէք ուզում մի օր մեր գաղթականութեանը ծառայած տեսնել մեր մանուկ հանրապետութեան դէմ, պիտի օր առաջ նրան երկիր բերել»[43]:

1920թ. ապրիլին սկսված լեհ-ռուսական պատերազմի, Հյուսիսային Կովկասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ծայր առած ապստամբությունների և 1920թ. օգոստոսին Կուբանում Վրանգելի զորքերի դեսանտի իջեցման հետևանքով խորհրդային իշխանության տարածքում սկսվեց զորակոչ, որը տարածվեց նաև Հյուսիսային Կովկասի հնաբնակ և գաղթական հայության վրա[44]:

Երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1920թ. հունիս-հուլիս ամիսներին տեղեկացավ Հյուսիսային Կովկասի հայության զորակոչի մասին, փորձեց կանխել այն: Օրինակ, Սոչիի շրջանի հայության իրավունքները պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 1920թ. հուլիսին 17-ին կարգադրեց Տ. Բեկզադյանին վերականգնել Ա. Հակոբյանի լիազորությունները, որն էլ հուլիսի վերջին Ա. Հակոբյանին նշանակեց Սոչիի շրջանի փոխհյուպատոս[45]: Սակայն Ա. Հակոբյանին չհաջողվեց զորակոչից պաշտպանել Սոչիի շրջանի հայությանը: Ավելին, հալածվելով բոլշևիկների կողմից` նա և հյուպատոսարանի քարտուղար Հակոբ Թոռլաքյանը ստիպված հեռացան շրջանից[46]: Բոլշևիկները ձերբակալեցին նաև Հայոց ազգային խորհրդի (որը վերանվանվել էր գյուղացիական միության) նախագահ Վաղարշակ Մինասյանցին և այլ գործիչների, գլխավորապես` դաշնակցականների[47]: Շարունակվեց նաև Սոչիի շրջանի հայերի զորակոչը[48]:

 

[1] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 385, թ. 52, գ. 536, թ. 16, 26, գ. 594, թ. 7:

[2] Տե´ս Տօնեան Ա., Ռուսական բանակի հայ սպայի մը յուշերը, «Հայրենիք», Բոստոն, 1964, սեպտեմբեր, N9, էջ 51:

[3] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 562, թ. 8:

[4] Տե´ս նույն տեղում, գ. 465, թ. 28 , գ. 536, թ. 27:

[5] Տե´ս‎ նույն տեղում, գ. 536, թ. 16, 27:

[6] Տե´ս նույն տեղում, գ. 465, թ. 27, գ. 536, թ. 16, Տօնեան Ա., Ռուսական բանակի հայ սպայի մը յուշերը «Հայրենիք», Բոստոն, 1964, սեպտեմբեր, N 9 էջ 51:

[7] Տե´ս Տօնեան Ա., Ռուսական բանակի հայ սպայի մը յուշերը, «Հայրենիք», Բոստոն, 1964, սեպտեմբեր, N9, էջ 54:

[8] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 275, ց.4, գ. 10, թ. 22,, Տօնեան Ա., Ռուսական բանակի հայ սպայի մը յուշերը, էջ 54-55:

[9] Տե´ս Տօնեան Ա., Ռուսական բանակի հայ սպայի մը յուշերը, էջ 56:

[10] Տե´ս ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 127, ՀԱԱ,‎ ֆ. 275, ց.4, գ. 10, թ. 22:

[11] Տե´ս ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 127:

[12] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 275, ց.4, գ. 10, թ. 22:

[13] Տե´ս «Խորհրդային Հայաստան», մարտի 26, N 72, Երևան, 1926:

[14] ՀԱԱ,‎ ֆ. 275, ց.4, գ. 10, թ. 22:

[15] Տե´ս նույն տեղում:

[16] Տե´ս ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 128:

[17] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 465, թ. 32:

[18] Տե´ս նույն տեղում, թ. 28:

[19] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 275, ց. 4, գ. 7, թ. 6:

[20] Տե´ս նույն տեղում,‎ ֆ. 200, ց.1, գ. 465, թ. 32-33:

[21] Տե´ս Ананян Ж., Хачатурян В., армянские общины России, с. 72, Հայ սփյուռք, հանրագիտարան, էջ 468:

[22] Հայ սփյուռք հանրագիտարան, էջ 468:

[23] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 469, թ. 225:

[24] Տե´ս Ալեքսանյան Հ., Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1917-1941 թթ., ատենախոսություն, է.00.01 – «Հայոց պատմություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար, էջ 59:

[25] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 536, թ. 14:

[26] Տե´ս նույն տեղում, թ. 14:

[27] Տե´ս նույն տեղում:

[28] Տե´ս նույն տեղում, գ. 465, թ. 33, գ. 607, թ. 13:

[29] Տե´ս նույն տեղում, գ. 536, թ. 14, գ. 607, թ. 13:

[30] Տե´ս նույն տեղում, գ. 536, թ. 14:

[31] Տե´ս նույն տեղում, գ. 465, թ. 28, 32, 33, գ. 562, թ. 7, գ. 594, թ. 4:

[32] Տե´ս նույն տեղում, գ. 465, թ. 32:

[33] Տե´ս նույն տեղում, թ. 28, 32-33 գ. 536, թ.16:

[34] Տե´ս նույն տեղում, գ. 594, թ. 4:

[35] Տե´ս նույն տեղում, թ. 1:

[36] Տե´ս նույն տեղում, թ. 5:

[37] Տե´ս նույն տեղում, թ. 8:

[38] Տե´ս նույն տեղում թ. 13:

[39] Տե´ս նույն տեղում, գ. 562, թ. 8:

[40] Տե´ս նույն տեղում, գ. 465, թ.28, Армяне Ставрополья и Терека, под общей редакцией канд. ист. наук. В. Акопяна, Пятигорск, с. 16:

* 1920թ. դեկտեմբերին 7-ին Եկատերինոդարը անվանափոխվեց Կրասնոդար (տե´ս “Կարմիր աստղ”, 1920, դեկտեմբեր, N 38):

[41] Տե´ս մանրամասն Армяне Ставрополья и Терека, под общей редакцией канд. ист. наук. В. Акопяна, Пятигорск, с. 226, Ալեքսանյան Հ., Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1917-1941 թթ., էջ 177:

[42] Տե´ս Армяне Ставрополья и Терека, под общей редакцией канд. ист. наук. В. Акопяна, с. 226:

[43] ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 465, թ. 28:

[44] Տե´ս նույն տեղում, գ. 536, թ.15, Кратова Н., Формирование повстанческих отрядов на территории Кубано-Черноморской области в 1920–1922 гг., "Гуманитарная мысль Юга России", региональный научный журнал, Краснодар, 2006, N 1, с. 117:

[45] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200, ց.1, գ. 536, թ. 19, 21, 28:

[46] Տե´ս նույն տեղում, գ. 551, թ. 28:

[47] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 275, ց.3, գ. 4, թ. 87 ց.1, գ. 607, թ. 54:

[48] Տե´ս նույն տեղում,‎ ֆ. 200, ց.1, գ. 607, թ. 54: