Armenian-History.com
All about Armenians and Armenian History

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՂԱՇԱՐԺԸ

|
Written by Smbat Minasyan
Hits: 2857

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՀԱՅՈւԹՅԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՂԱՇԱՐԺԸ

(1918թ. նոյեմբեր – 1920թ. մարտ)

 

2.1 Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների դիրքորոշումը երկրամասի հայության նկատմամբ և հայկական կազմակերպությունների գործունեության աշխուժացումը

 

1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Պետրոգրադից փախուստի դիմած և Նովոչերկասկում հաստատված ցարական նախկին գեներալ Մ. Ալեքսեևը կազմակերպեց հակախորհրդային ուղղվածության զինված ուժեր, որ պաշտոնապես անվանվեց Կամավորական բանակ, որին աջակցեց Դոնի զինվորական կառավարության ղեկավար ատաման Կալեդինը: Կամավորական բանակը բոլշևիզմի դեմ պայքարի հավաքատեղի ընտրեց Դոնը, որտեղից հարձակվելու էր Կուբանի խորհրդային իշխանության վրա: 1918թ. հունիսին Կամավորական բանակի արշավանքն ավարտվեց հաղթանակով, օգոստոսի 3-ին գրավվեց Եկատերինոդարը (այժմյան` Կրասնոդար), որը դարձավ հարավի հակախորհրդային ուժերի կենտրոնը` նոր ստեղծված պետական կազմավորման` «Հատուկ խորհրդակցության» մայրաքաղաքը: Այս կազմավորման և նրա զինված ուժերի` Կամավորական բանակի նպատակն էր տապալել բոլշևիկյան վարչակարգը և վերականգնել Ռուսական կայսրությունը` 1914թ. սահմաններով[1]: 1918թ. սեպտեմբերի 25-ին գեներալ Ալեքսեևի մահից հետո Դենիկինը վերակազմավորեց Կամավորական բանակը և ընդունեց գլխավոր հրամանատարի պաշտոնը` իր ձեռքում կենտրոնացնելով ռազմական և վարչաքաղաքացիական իշխանությունը: 1918թ. դեկտեմբերի 26-ին նա հռչակվեց Ռուսաստանի հարավի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար[2]:

Չնայած Հյուսիսային Կովկասի, Դոնի և Աստրախանի կազակները և Կամավորական բանակը համատեղ պայքարում էին խորհրդային Ռուսաստանի դեմ, սակայն նրանց միջև գոյություն ունեին ներքին տարաձայնություններ: Կամավորական բանակի նպատակը Ռուսաստանի վերամիավորումն էր, մինչդեռ կազակների կառավարությունները ցանկանում էին անկախանալ[3]: Կազակների անջատողական ձգտումները բավարարելու համար Կամավորական բանակը ստիպված էր նրանց ներքին գործերը տնօրինելու լայն ինքնավարություն տալ:

1918թ. վերջին և 1919թ. սկզբին Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների ռազմական հաջողությունները հարկադրեցին խորհրդային զորքերին հեռանալ Հյուսիսային Կովկասից: Նրանց հետ հեռացավ նաև Մոսկվայից և Անդրկովկասից Հյուսիսային Կովկաս եկած հայ բոլշևիկների մեծ մասը: Երկրամասում մնացած հայ բոլշևիկներին ոչ խորհրդային պետական կազմավորումները հետապնդում և հալածում էին: Ս.Ալիխանյանը փաստում է, որ սպիտակները դաշնակցականների աջակցությամբ ձերբակալում և գնդակահարում էին հայ բոլշևիկներին, որոնց թվում կային նաև հայ գաղթականներ[4]: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ խորհրդային իշխանության օրոք Հյուսիսային Կովկասի հնաբնակ հայության մի հատվածը`մասնավորապես հայ բուրժուազիան և դաշնակցական գործիչները, հալածվել և կողոպտվել են (առաջին հերթին հայ բոլշևիկների ջանքերի շնորհիվ), չի բացառվում, որ ոչ խորհրդային պետական կազմավորումների օրոք նրանց մեջ լինեին մարդիկ, որ կցանկանային վրեժխնդիր լինել:

Կամավորական բանակի և կազակների կառավարությունների վերաբերմունքը հայ գաղթականների նկատմամբ բարյացակամ էր[5]: Այդ վերաբերմունքը պայմանավորված էր նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազամավորումների բարեկամական հարաբերությունների առկայությամբ[6]: Չնայած այդ վերաբերմունքին` Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումները, մասնավորապես Կուբանի կառավարությունը, փորձում էին երկրամասից հեռացնել քաղաքներում կուտակված և տարատեսակ հիվանդություններով տառապող հայ գաղթականությանը: «Պետք է ասեմ,- գրում է Հ.Սառիկյանը իր հուշերում,- որ այդ օրերում այդ շրջանները և, առհասարակ, ամբողջ Հյուսիսային Կովկասը գտնվում էր Դենիկինի իրավասության տակ: Բոլշևիկները վաղուց նահանջել էին մեծ կորուստներով: Նրանց մի մասն անցել էր Վրաստան ու այնտեղ զինաթափ եղել, իսկ մյուս մասն Ստավրոպոլի վրայով անցել էր Աստրախան: Նրանց հեռանալով դժվարացել էր նաև գաղթականների գործը, որովհետև Դենիկինի կառավարությունից ոչ մի նպաստ չէինք ստանում: Մնացել էին Հայաստանի խնամատարությունից ստացած նպաստները և տեղի ու շրջանի հայ ազգաբնակչության նպաստները»[7]: Փաստորեն Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումները գաղթականներին երկրամասից հեռացնելու նպատակով զրկեցին նրանց խորհրդային իշխանության օրոք տրամադրվող նպաստից, որի պատճառով գաղթականների մի մասը հայտնվեց ծանր դրության մեջ:

Հյուսիսային Կովկասում հին կարգերի վերականգնումը տեղացի և գաղթական հայությանը բերեց ոչ միայն բացասական, այլ նաև դրական փոփոխություններ: «Պետք է ըսել,- գրում է Ռ. Դարբինյանը,- թե Դենիկինի տիրապետութեան սահմաններուն մեջ հայերու վիճակը ընդհանրապէս շատ լաւ էր: Պատճառներէն մէկն ալ այն էր, որ հրեաները, հալածանքի ենթարկուելով, չէզոքացուած էին ու չքացած առևտուրի հրապարակէն և ասպարէզը մեծ մասամբ ձգած հայերուն: Առիթէն կ´օգտուէին ոչ միայն տեղացի հայերը, այլև արևմտահայ գաղթականները, որոնք պատերազմի ժամանակ եկած էին Հիւսիսային Կովկաս եւ Հարաւային Ռուսաստան ու երկար ատեն իրենց գոյութիւնը կը պահէին հանրային կամ պետական նպաստներով: Այժմ անոնց մեծ մասը կը զբաղէր առեւտուրով սեւ շուկայի մէջ և ոմանք հարստացած էին անհաւատալի կերպով:

Խարկովէն մինչև Ռոստով, Ռոստովէն մինչև Եկատերինոտար, Եկատերինոտարէն մինչեւ Նովոռոսսիյսկ հայերը իշխող դիրք գրաւած էին տնտեսական կեանքին մէջ: Եռանդուն առեւտուր կար Պոլսոյ և առհասարակ արտասահմանի հետ: Ու այդ արտաքին առեւտուրն ալ կը գտնուէր հայերու ձեռքը: Բոլոր երկաթուղային կայարանները, գնացքները լեցուն էին հայերով: Հայերեն լեզուն այնքան յաճախ կը լսէիր, որ երբեմն կը թւէր, թե կը գտնուէիր ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի մէջ»[8]:

Վերը բերված օրինակը և արխիվային նյութերում առկա բազմաթիվ տեղեկությունները փաստում են, որ Հյուսիսային Կովկասից բոլշևիկների հեռանալուց հետո երկրամասի գրեթե ողջ առևտուրը կենտրոնացավ հնաբնակ և գաղթական հայության ձեռքերում[9]:

Եթե գաղթականների մի մասն իր աշխատասիրության և հնարամտության շնորհիվ կարողացավ առևտրով գումար վաստակել և գոյատևել, ապա մյուս մասը, զրկվելով նպաստից, հայտնվեց ոչնչացման եզրին: Սովը և տարատեսակ հիվանդությունները հազարավոր գաղթականների կյանքեր խլեցին[10]: Հ. Սառիկյանը, անդրադառնալով 1918-1919 թթ. Վլադիկավկազի հայ գաղթականների ծանր կացությանը, գրում է. «Վլադիկավկազում, որ համեմատաբար նպաստավոր պայմաններ կային, մեր գաղթականներից օրական 40-50 հոգի էին մեռնում, մի քահանա գերեզմանատնից չէր հեռանում»[11]: Արխիվային նյութերում, ժամանակի մամուլում և գրականության մեջ առավել հաճախ են հանդիպում 1918-1919 թթ. ընթացքում Եկատերինոդարում կուտակված գաղթականության աղետալի դրությունը նկարագրող տեղեկությունները: Քաղաքի հազարավոր գաղթականների շրջանում մոլեգնող տարատեսակ հիվանդությունները ամեն օր բազմաթիվ կյանքեր էին խլում[12]: Հիվանդ գաղթականներին օգնելու նպատակով 1918թ. հոկտեմբերին քաղաքի Հայոց ազգային խորհրդի ջանքերով բացվեց մի լազարեթ:[13]: Սակայն այն չէր կարող սպասարկել քաղաքի բոլոր հիվանդ գաղթականներին: 1918թ. վերջին Եկատերինոդարում տիրող հակահիգիենիկ դրության հետևանքով սկսվեց տիֆի և ժանտախտի համաճարակը[14]: Եկատերինոդարի բնակչությունը դրանում մեղադրեց քաղաքում ապաստանած գաղթականներին (որոնց մեծամասնությունը` մոտ 8.000 հոգի, հայ էին) և պահանջեց վտարել նրանց[15]: Քանի որ Կուբանի երկրամասի այլ քաղաքներում և բնակավայրերում հայ գաղթականների թիվը ևս մեծ էր, Կուբանի կառավարությունը չտեղափոխեց նրանց այլ շրջաններ, այլ 1919թ. մարտ ամսից սահմանափակեց նոր գաղթականների մուտքը քաղաք[16]:

Հյուսիսային Կովկասի հայ գաղթականների զգալի հատվածը ապրում էր բաց երկնքի տակ, մնացածը` վրաններում, ամբարներում, հանրակացարաններում, դպրոցներում (գերազանցապես հայկական), զորանոցներում, զանազան կառույցների նկուղներում և բնակության համար շատ թե քիչ պիտանի այլ վայրերում[17]: Տեղական իշխանությունները հաճախ վռնդում էին գաղթականներին իրենց ապաստանած վայրերից[18]: Երկրամասի տեղական իշխանությունների պարտադրանքով գաղթականները ներգրավվում էին հարկադիր աշխատանքներում: Դրանից խուսափելու համար շատերը անընդհատ տեղաշարժվում էին[19]:

Բոլշևիկների հեռանալուց հետո Հյուսիսային Կովկասի հայկական համայնքների հասարակական-քաղաքական կյանքը սկսեց աշխուժանալ: Խորհրդային իշխանության օրոք լուծարված հայկական ազգային կազմակերպությունները (Հայոց ազգային խորհուրդները, գաղթականական կոմիտեները, բարեգործական ընկերությունները և այլն), աստիճանաբար վերսկսեցին իրենց գործունեությունը: Սակայն մինչև 1919թ. սկիզբը` միջոցների սղության և այդ կազմակերպությունների գործունեությունը համակարգող կենտրոնական մարմնի բացակայության պատճառով նրանք չկարողացան լրջորեն աջակցել հայ գաղթականներին[20]:

Եթե Հյուսիսային Կովկասի կազակների կառավարությունները շահագրգռված էին հայ գաղթականներին հեռացնել երկրամասից, ապա Կամավորական բանակի հրամանատարությունը փորձում էր նրանց, հնաբնակ հայերին և գերությունից հայրենիք վերադարձող հազարավոր հայ ռազմիկներին զորակոչել բանակ: Մինչև 1919թ. սկիզբը, Հյուսիսային Կովկասում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների բացակայության և հայկական կազմակերպությունների անգործության հետևանքով հազարավոր հայեր զորակոչվեցին ոչ խորհրդային պետական կազմավորումների զորքեր[21]: Ռուսաստանի հարավի զինված ուժերը հայերից առանձին ջոկատներ կազմեցին` օգտագործելով դրանք Խորհրդային Ռուսաստանի և Վրաստանի դեմ[22]:

Կամավորական բանակի հրամանատարությանը հաջողվեց նաև իր քաղաքական նպատակներին ծառայեցնել Հյուսիսային Կովկասի առանձին շրջաններում բնակվող հայ բնակչությանը: Նման քաղաքականության վառ օրինակ է 1918թ. վերջին 1919թ. սկզբին Սոչիի շրջանում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները:

1914թ.-ին Չեռնոմորսկի նահանգի Սոչիի շրջանի հայ բնակչության թիվը մոտ 25.000 էր[23]: Նրանք կազմում էին Սոչիի շրջանի գյուղական բնակչության 36,7%-ը[24], իսկ ողջ շրջանի բնակչության գրեթե 30%-ը[25]: Շրջանում բնակվող հայերի մեծ մասը համշենահայեր էին: Նրանք հիմնականում զբաղվում էին ծխախոտի մշակմամբ և առևտրով[26]:

Առաջին աշխարհամարտի տարիներին Սոչիի շրջան եկան մի քանի հազար հայ գաղթականներ:

1918թ. հուլիսին Վրաստանի զորքերը, օգտվելով Կուբան-Չեռնոմորյան Հանրապետության* ծանր դրությունից, զավթեցին Սոչիի շրջանը[27], ինչը առաջացրեց Չեռնոմորսկ նահանգի հյուսիսային մասը գրաված Կամավորական բանակի դժգոհությունը: Գիտակցելով, որ Կամավորական բանակի հրամանատարությունը վաղ թե ուշ անդրադառնալու է Սոչիի հիմնահարցին, վրացական կառավարությունը, ընդունելով գեներալ Մ.Ալեքսեևի առաջարկը, 1918թ սեպտեմբերի կեսերին Եկատերինոդար գործուղեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Ե. Գեգեչկորու գլխավորած պատվիրակությանը[28]: Բանակցությունները արդյունք չտվեցին և ընդհատվեցին, քանի որ Վրաստանի պատվիրակությունը մերժեց Կամավորական բանակի գերագույն հրամանատարի` Սոչիի շրջանը վրացական զորքերից մաքրելու պահանջը[29]: Այնուհետև Կամավորական բանակի գլխավոր հրամանատարությանը կից «Հատուկ խորհրդակցությունը» Վրաստանին հայտարարեց մաքսային և պարենային պատերազմ[30]:

1918թ. հուլիսին Սոչին գրաված վրացական զորքերը սկսեցին հալածել և կողոպտել շրջանի հայ բնակչությանը: Սոչիի Հայոց ազգային խորհուրդը վրացական զորքերի անկարգությունների վերաբերյալ բազմաթիվ բողոք-դիմումներ ուղարկեց վրացական իշխանության տեղական ներկայացուցիչներին` խնդրելով միջամտել և վերջ դնել անօրինականություններին[31]: Վրացական իշխանությունների “սիրալիր” պատասխանը չհապաղեց: 1918թ. օգոստոսի 30-ին վրացական զինված ջոկատը Սոչիի պարետի գլխավորությամբ կողոպտեց Սոչիի Հայոց ազգային խորհրդի շենքը և բռնություններ կիրառեց խորհրդի քարտուղարի ու շենքում գտնվող այլ անձանց նկատմամբ: Այս միջադեպի կապակցությամբ Սոչիի Հայոց ազգային խորհուրդը անմիջապես հեռագրեր ուղարկեց Վրաստանի ներքին գործերի նախարարին և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության հավատարմատար Արշակ Ջամալյանին[32]` խնդրելով պաշտպանել Սոչիի շրջանի հայերի իրավունքները և պատժել մեղավորներին[33]: Արխիվային նյութերում վրացական իշխանության և Ա. Ջամալյանի արձագանքի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Վրաստանի իշխանությունների ծանր հարկային քաղաքականության հետևանքով Սոչիի շրջանի հայերը հայտնվեցին ծանր կացության մեջ: Շարունակվեց նաև հայկական գյուղերի կողոպուտը[34]: 1919թ. հունվարի վերջին վրացական ջոկատը հերթական անգամ ծեծի ենթարկեց և կողոպտեց Լեռնային Լոո գյուղի բնակիչներից մեկին: Օգնության հասած համագյուղացիները վրաց զինվորներին դուրս վռնդեցին գյուղից: Սոչիի Հայոց ազգային խորհուրդը տեղական վրացական իշխանությունից խնդրեց այդ կապակցությամբ հետաքննություն սկսել և պատժել մեղավորներին: Այդ խնդրանքը կատարելու փոխարեն վրացական իշխանությունները «Գոռնի Լոոի հայ զինվորների ապստամբությունը» ճնշելու նպատակով պատժիչ զորքեր ուղարկեցին, որոնք սկսեցին հրետակոծել գյուղը[35]: Շրջանի հայությունը, վրդովված վրացական զորքերի գործողություններից, ոտքի կանգնեց և անցավ ինքնապաշտպանության:

Սոչիի շրջանում ստեղծված իրադրությունից շտապեց օգտվել Կամավորական բանակի հրամանատարությունը: 1918թ. դեկտեմբերի սկզբին` օգտվելով հայ-վրացական պատերազմի հետևանքով Սոչիի շրջանից վրացական զորամիավորումների հայ-վրացական ռազմաճակատ տեղափոխությունից, Կամավորական բանակի զորամասերը առանց կռվի առաջացան մինչև հայաբնակ Լոո կայարանը[36]:

Չնայած, արյունահեղությունը դադարեցնելու և քաղաքական շահարկման առարկա չդառնալու, Սոչիի Հայոց ազգային խորհրդի կոչերին, շրջանի հայության մի մասը, վրացական իշխանության ազգայնամոլական քաղաքականությունից ազատվելու ցանկությունից դրդված, դիմեց Կամավորական բանակի հրամանատարությանը` վերջինիս հրավիրելով Սոչի[37]: Կամավորական բանակի գերագույն հրամանատար Ա. Դենիկինը Սոչիում տիրող դրության վերաբերյալ գրում է. «Վրացական սահմանն անցած ռուսները և մասնավորապես հայերը` հարակից գյուղերի բնակիչները, մեր առաջնային ջոկատներին հասցնում էին օգնության խնդրանքներ և տեղեկություններ` այնտեղ իրենց հետ կատարվող բռնությունների մասին»[38]:

Կամավորական բանակի հրամանատարության «սրտագին» վերաբերմունքը Սոչիի շրջանի հայերի նկատմամբ պայմանավորված էր վերջինիս քաղաքական շահով: Նպատակ ունենալով գրավել Սոչիի շրջանը` Կամավորական բանակը սկսեց զինել վրացական զորքերի անկարգություններին դիմադրող հայերին: Կամավորական բանակի նախաձեռնությամբ Հյուսիսային Կովկասի հայաշատ բնակավայրերում ազգությամբ ռուս կամ հայ սպաները կազմավորեցին հայկական ջոկատներ, որոնք վրացիների դեմ պայքարելու համար պետք է տեղափոխվեին Սոչիի շրջան[39]: Կամավորական բանակի հրամանատարությունը ջանքեր գործադրեց Հայաստանի հետ ընդդեմ Վրաստանի դաշինք ձևավորելու ուղղությամբ, սակայն բոլոր նման առաջարկները մերժվեցին Հայաստանի կառավարության կողմից[40]:

 Ա.Դենիկինի հրամանով ռուսական զորքերը 1919թ. հունվարի 24-ին անցան հարձակման[41]: Այն ժամանակ, երբ Ա.Դենիկինի զորքերը հարձակվեցին վրացիների վրա ռազմաճակատից, նրանց կողմից կազմավորված հայկական ջոկատները հարվածեցին վրացական զորքին թիկունքից և թևերից, որի հետևանքով վերջինս անձնատուր եղավ[42]: Ռուսական զորքերի առաջխաղացումը շարունակվեց մինչև 1919թ. փետրվարի 10-ը, որի արդյունքում Կամավորական բանակի զորամասերը հասան մինչև Բզիբ գետը: Անգլիացիների ճնշման տակ Ա.Դենիկինը ստիպված դադարեցրեց հետագա առաջխաղացումը[43]: Փաստորեն, Կամավորական բանակի հրամանատարությունը հմտորեն օգտագործեց շրջանի հայությանը Սոչիի շրջանին տիրելու համար: Ավելի ուշ Կամավորական բանակի հրամանատարությունը Սուխումի հայերին աջակցելու պատրվակով փորձեց գրավել նաև այդ շրջանը[44]:

Այսպիսով, 1918թ. կեսերից Հյուսիսային Կովկասում ռազմական առավելության հասան ոչ խորհրդային պետական կազմավորումները, որոնք 1918թ. վերջին գրավեցին երկրամասի մեծ մասը: Հյուսիսային Կովկասում քաղաքական իրադրության փոփոխման հետևանքով փոխվեց նաև երկրամասի հայերի դրությունը:

Ռուսաստանի հարավի կազակների կառավարությունները, ցանկալով ազատվել քաղաքները հեղեղած և զանազան հիվանդությունների տարածման աղբյուր հանդիսացող գաղթականներից, զրկեցին նրանց խորհրդային իշխանության օրոք տրամադրվող նպաստից: Դրա հետևանքով գաղթականները հայտնվեցին ծանր կացության մեջ: Նրանց մի մասը, օրվա հացը վաստակելու նպատակով, զբաղվեց առևտրով: Կարճ ժամանակահատվածում Հյուսիսային Կովկասի գրեթե ողջ առևտուրը կենտրոնացավ հնաբնակ և գաղթական հայերի ձեռքում:

Եթե Հյուսիսային Կովկասի կազակների կառավարությունները գաղթականներին վտարում էին իրենց պատկանող տարածքից, ապա Կամավորական բանակի հրամանատարությունը նրանց, հնաբնակ հայերին և մասնավորապես արևմտյան ռազմաճակատից ու գերությունից հայրենիք վերադարձող հազարավոր հայ ռազմիկներին զորակոչում էր բանակ: Մինչև 1919թ. սկիզբը, երկրամասում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների բացակայության և իրենց գործունեությունը վերսկսած հայկական կազմակերպությունների անգործության հետևանքով Ռուսաստանի հարավի զինված ուժերը համալրվում էին հազարավոր հայ ռազմիկներով:

Կամավորական բանակի հրամանատարությանը հաջողվեց իր քաղաքական նպատակներին ծառայեցնել վրաց իշխանություններից հալածվող Սոչիի շրջանի հայ բնակչությանը: Նրանց օգնությամբ Ա. Դենիկինը գրավեց Սոչիի շրջանը:

 

[1] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.), Երևան, 2011, էջ 72-73:

[2] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության առնչությունները Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918թ հունիս-նոյեմբեր), էջ 40:

[3] Տե´ս ГАРФ, ф. 446, оп. 2, д. 23, л. 53–54:

[4] Տե´ս Ալիխանյան Ս., Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը (1917-1921), Էջ 108:

[5] Տե´ս «Հորիզոն», Թիֆլիս, 1918 սեպտեմբերի 24, N 192, Վրացեան Ս., Հին թղթեր նոր պատմութեան համար, Բեյրութ, 1962, էջ 266:

[6] Տե´ս մանրամասն Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.):

[7] ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 126:

[8] Դարբինեան Ռ., Կեանքիս գրքէն (փշրանքներ իմ յուշերէն), հինգերորդ մաս, Դէպի Հայաստան, « Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1960, N 8 (414), էջ 25-26:

[9] Տե´ս ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 126-127, ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 291 I, թ. 13:

[10] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 158, թ. 91, ֆ. 205, ց. 1, գ. 544, թ. 3:

[11] ԳԱԹ, Հ. Սառիկյանի ֆոնդ, գ. 4, թ. 112:

[12] Տե´ս «Հորիզոն», Թիֆլիս, 1918, սեպտեմբերի 24, N 192:

[13] Симонян М., Армянская диаспора Северо-Западного Кавказа: формирование, конфессиональный облик, взаимоотношения с властью, общественными и религиозными объединениями (конец XVIII - конец XX века), диссертация на соискание ученой степени кандидата исторических наук по специальности 07.00.02, с. 66:

[14] Տե´ս նույն տեղում:

[15] Տե´ս «Հորիզոն», Թիֆլիս, 1918, սեպտեմբերի 24, N 192:

[16] Տե´ս ГАКК, ф. Р-7. оп. 1. д. 572. л. 91:

[17] Տե´ս ՀԱԱ ֆ. 205, ց. 1, գ. 544, թ. 3, Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., փաստաթղթերի և նյութերի ժողովածու, էջ 334:

[18] Տե´ս նույն տեղում:

[19] Տե´ս նույն տեղում:

[20] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 143, թ. 204, ֆ. 205, ց. 1, գ. 544, թ. 3, ֆ. 275, ց. 5, գ. 12, թ. 17, « Հորիզոն», Թիֆլիս, 1918 սեպտեմբերի 24, N 192, Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., փաստաթղթերի և նյութերի ժողովածու, էջ 333:

[21] Տե´ս ՀԱԱ ֆ. 200, ց. 1, գ. 100, թ. 81, ց. 2, գ. 44, թ. 4:

[22] Տե´ս նույն տեղում, ց. 1, գ. 73 I, թ. 129, գ. 158, թ. 91:

[23] Տե´ս նույն տեղում, գ. 409, թ. 60:

[24] Տե՛ս Деникин А., Очерки Русской смуты, том четвертый, том пятый, Вооруженные силы Юга России, Москва, 2005, с. 224:

[25] Տե´ս Карпов Н., Трагедия белого юга, 1920 год, Москва, 2005, с. 100:

[26] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 409, թ. 60:

* Հակախորհրդային ուժերի դեմ պայքարը միավորելու նպատակով Խորհրդային Սևծովյան Հանրապետությունը 1918թ. մայիսի 30-ին միավորվեց Կուբանի խորհրդային հանրապետության հետ` ձևավորելով Կուբան-Չեռնոմորյան Խորհրդային Հանրապետությունը (տե´ս Êàðïîâ Í.Ä., Òðàãåäèÿ Áåëîãî Þãà, 1920 ãîä, Ìîñêâà, 2005, ñ. 96-97):

[27] Տե´ս Карпов Н., Трагедия белого юга, 1920 год, с. 97:

[28] Տե´ս Деникин А., Очерки Русской смуты, том второй, борьба генерала Корнилова, август 1917г. – апрель 1918г., том третий Белое движение и борьба Добровольческой армии, май-октябрь 1918г., Москва, 2005, с. 672:

[29] Տե´ս մանրամասն Документы и материалы по внешней политике Закавказья и Грузии, Тифлись, 1919, с. 407-414, ՀԱԱ ֆ. 200, ց. 1, գ. 143, թ. 117:

[30] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության առնչությունները Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918թ. հունիս-նոյեմբեր), էջ 47:

[31] Տե´ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 5, գ. 140, թ. 2:

[32] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների պատմությունից (1918-1920 թթ.), էջ 25:

[33] Տե´ս ՀԱԱ,‎ ֆ. 200 ց.1, գ. 7, թ.144:

[34] Տե´ս Деникин А., Очерки Русской смуты, том четвертый, том пятый, Вооруженные силы Юга России, с. 222:

[35] Տե´ս Общероссийская и национальная идентичность. Материалы международной научно-практической конференции, 19-20 апреля 2012г. / Ответственный редактор В.З. Акопян. – Пятигорск: Пятигорский государственный лингвистический Университет, 2012, с. 459.

[36] Տե´ս Деникин А., Очерки Русской смуты, том четвертый, том пятый, Вооруженные силы Юга России, с. 223:

[37] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 82, թ. 7, գ. 409, թ. 62:

[38] Деникин А., Очерки Русской смуты, том четвертый, том пятый, Вооруженные силы Юга России, с. 222:

[39] Տե´ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 295, թ. 51:

[40] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության առնչությունները Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918թ. հունիս-նոյեմբեր), էջ 91:

[41] Տե´ս Деникин А., Очерки Русской смуты, том четвертый, том пятый, Вооруженные силы Юга России с. 225:

[42] Տե´ս Карпов Н., Трагедия белого юга, 1920 год, с. 98:

[43] Տե´ս նույն տեղում:

[44] Տե´ս Պետրոսյան Գ., Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թթ.), էջ 181: